Պուտինը հայտարարեց Ռուսաստանի տնտեսության ազատականացման մասին

Your browser doesn’t support HTML5

Ռուսաստանի նախագահի հավաստմամբ՝ իր երկիրը չի պատրաստվում վերադառնալ սպառազինությունների մրցավազքի քաղաքականությանը և մնում է բաց աշխարհի համար։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, այսօր ամենամյա ուղերձով հանդես գալով Դաշնային ժողովում, հայտարարեց երկրի տնտեսության ազատականացման մասին։

«Առաջիկա չորս տարիներին Ռուսաստանում չեն բարձրանա հարկերը և երկրորդը՝ պետական մարմինների կողմից ստուգումները կհասցվեն մինիմումի, և սրա համար կստեղծվի հատուկ սոցիալական կառույց», - ասաց Պուտինը։

Ռուսաստանի նախագահը նշեց, որ հարգում է նախկին Խորհրդային Միության հանրապետությունների ինքնիշխանությունը. - «Չնայած արևմտյան երկրները և առաջին հերթին Միացյալ Նահանգներն ուզում եմ մասնատել Ռուսաստանը Հարավսլավիայի սցենարով, սակայն Ռուսաստանը չի պատրաստվում վերադառնալ սպառազինությունների մրցավազքի քաղաքականությանը և Ռուսաստանը մնում է բաց աշխարհի համար»։

Իր ելույթը Ռուսաստանի նախագահը սկսեց Ղրիմի անեքսիայից՝ «վերամիացումից», ասելով, թե Ղրիմը սրբություն է ռուսաստանցիների համար։

Անդրադառնալով ընդհանրապես Ուկրաինային՝ Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանը միշտ հարգել է նախկին Խորհրդային Միության հանրապետությունների՝ այդ թվում նաև Ուկրաինայի ինքնիշխանությունը։ Ավելին, նրա հավաստմամբ, Ռուսաստանը նպաստել է այդ հանրապետությունների ինքնիշխանությանը։

Ռուսաստանի նախագահն իր ելույթում քննադատեց Արևմուտքին և առաջին հերթին Միացյալ Նահանգներին։

«Ուկրաինայի և Եվրամիության միջև Ասոցացման համաձայնագրի մասին պայմանագիր կնքելու հարցում Մոսկվայի հետ ոչ ոք հաշվի չի նստել։ Մեզ ասում էին, որ սա մեր գործը չէ։ Հաճախ չես հասկանում՝ ո՞ւմ հետ պետք է խոսել՝ որոշ հանրապետությունների ղեկավարների՞, թե՞ Միացյալ Նահանգներում նրանց հովանավորների հետ», - ասաց Պուտինը։

Խոսելով Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի սահմանած պատժամիջոցներից՝ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ պատժամիջոցների լեզվով Ռուսաստանի հետ խոսելն անիմաստ է, և այդ պատժամիջոցները վնասակար են բոլորի՝ այդ թվում նաև Արևմուտքի համար։

Պուտինն ընդգծեց, որ եթե չլինեին Ղրիմը, ուկրաինական իրադարձությունները, Արևմուտքը մեկ այլ առիթ կգտներ Ռուսաստանի նկատմամբ այդ պատժամիջոցները սահմանելու համար, քանի որ Արևմուտքն ուզում է մասնատել Ռուսաստանը։

Անդրադառնալով վերջին շրջանում ռուբլու 40 տոկոս արժեզրկման փաստին՝ նա շեշտեց, որ Ռուսաստանի կենտրոնական բանկն անցել է լողացող կուրսի քաղաքականությանը։ «Սակայն սա չի նշանակում, թե իշխանությունները չեն պայքարելու սպեկուլյանտների դեմ։ Իշխանություններն ունեն այդ մեխանիզմները և գիտեն, թե ինչպես պետք է նրանց դեմ պայքարել», - հայտարարեց նախագահը։

Այս հայտարարությունից հետո ռուբլու փոխարժեքը, ի դեպ, մի փոքր բարձրացել է։