Ռուս - բելառուսական հերթական սկանդալը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ

Բելառուսի նախագահը անպարկեշտություն է որակում Ռուսաստանի գործողությունները:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեղադրել է Ռուսաստանին Մաքսային միության շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունները խախտելու մեջ:

Նախօրեին Մինսկում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում Լուկաշենկոն հանդես է եկել բավական կոշտ ելույթով՝ հիմնականում ուղղված դաշնակից Ռուսաստանին:

Պատճառը բելառուսական մի շարք ձեռնարկություններից ռուսական շուկա սննդի մատակարարման համար սահմանված արգելքն է:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 24-ից "Россельхознадзор"-ը՝ Ռուսաստանի գյուղատնտեսական վերահսկողական ծառայությունը սահմանափակել է մատակարարումները Բելառուսի 11 ձեռնարկություններից, որոնք արտադրում են միս, երշիկեղեն, կաթ և կաթնամթերք՝ պնդելով, որ բելառուսական այդ արտադրանքում վտանգավոր միկրոօրգանիզմներ կան: Նույն պատճառաբանությամբ նոյեմբերի 26-ից սահմանափակումներ են մտցվել ևս 8 բելառուսական ձեռնարկությունների նկատմամբ:

Այս ամենը հարուցել է Բելառուսի նախագահի վրդովմունքը, ով Ռուսաստանի այդ գործողությունները որակել է անպարկեշտություն՝ ընդգծելով․ - «Ռուսաստանը խախտել է բոլոր այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք էին բերվել Մաքսային միության շրջանակում»:

«Եթե հարցադրումը լինի այսպես՝ ո՞ր ապրանքատեսակներն են ավելի անվտանգ՝ բելառուսակա՞նը, թե՞ ռուսականը, ապա սա ծիծաղ կառաջացնի ոչ միայն Բելառուսում, այլև ցանկացած ռուսաստանցու մոտ, քանի որ Ռուսաստանի Դաշնությունում, թող ոչ ոք ինձնից չնեղանա, կես դարով հետ են ընկել Բելառուսից ապրանքների անվտանգության առումով», - հայտարարել է Լուկաշենկոն:

Ըստ Բելառուսի նախագահի՝ բելառուսական ապրանքների մատակարարումը զգալիորեն զսպում է գնաճը Ռուսաստանում: «Սակայն Ռուսաստանում գործող տարատեսակ խաբեբաներն այսօր ցանկանում են ռուսական շուկայում տաքացնել ձեռքերը՝ գների ուռճացման հաշվին», - ասել է Լուկաշենկոն՝ շեշտելով․ - «Մենք գիտենք, թե ովքեր են դրանք»: