Խորհրդարան շտապող պատգամավորներին ծառայողական մուտքի մոտ երրորոդ օրն է դարձյալ սպասում էին Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության դեմ պայքարող ցուցարարները: Իշխող Հանրապետական խմբակցության պատգամավոր Վազգեն Կարախանյանը երեկվա ակցիայից հետո միտքը չի փոխել, էլի ուզեց ապտակել ակտիվիստին․- «Ամոթը քեզ ա, այ տղա, հենց նենց մերկապարանոց հայտարարություններ մի արեք, արա: Էս ժողովուրդը մեղք ա: Ո՞ր երկիրն ա ձեզ հովանավորում, որ դուք էս հայտարարություններն անում եք»:
Կարախանյանը խորհրդային շրջանի այլախոհ է, Սովետական միության դեմ է պայքարել, հիմա ասում է՝ հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունն է դրված նժարին, պետք է պատմություն սովորել․- «Էդ սիրեցյալ Եվրոպան, որտեղ որ ամեն տեսակի վարքեր ու բարքեր են մտցրել, ի՞նչ ուզում եք դրանք բերենք, մտցնենք էստե՞ղ»:
Նիստի շտապող մեկ այլ Հանրապետական՝ Խոսրով Հարությունյանը, ցուցարարներին սպառնաց․- «Ես ձեզ հետո ցույց կտամ՝ ով ա դավաճանը»:
ՀՀԿ-ից Կարեն Ավագյանին դուր չեկան այրվող փուչիկների մասին հիշեցումները:
Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանին «ամոթ» և «դավաճան» վանկարկումները չընկճեցին․- «Ճիշտն ասած, չեմ վիրավորվում, որովհետև ես գիտեմ, որ դավաճան չեմ»:
Ընդդիմադիր Կոնգրեսի մեկ այլ պատգամավորի՝ 25 տարի առաջ Հայաստանի Անկախության հռչակագիրն ընթերցած Արամ Մանուկյանի համար երիտասարդները պատրաստել էին խորհրդանշական «չանկախության» կամ «ՀԱԿ-ա-անկախության» հռչակագրի տեսքը:
«Անցյալ տարիներին, որբ ես սկսեցի պայքարել անկախության դեմ, անդամագրելով Հայ ազգային կոնգրեսին՝ սկսեցի պաշտպանել Ռուսաստանի շահերը: Երկար ժամանակ էր պետք, որ հասկանայի իմ սխալը, որի համար ցանկանում եմ ներողություն խնդրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից», - տեքստը կարդաց ակտիվիստներից մեկը:
«Բարգավաճ Հայաստան»-ից տնտեսագետ պատգամավոր Միքայել Մելքումյանը շենք մտնելուց առաջ չթաքցրեց, որ դեմ չէ Կրեմլի հետ տնտեսական դաշինք կազմելուն․ -«Անկախությունը չի կորում, դու էլ էժանագին բաներ մի ասա»:
Մելքումյանի գործընկերը «ԲՀԿ» խմբակցության պատգամավոր, գործարար Գուրգեն Արսենյանը շարունակեց, որ սեպտեմբերի երեքից էլ շուտ է ասել՝ մեր ճանապարհը Եվրասիականն է՝ առաջին հերթին հայ ժողովրդի անվտանգության երաշխիքների համար: Ամբողջական իշխանափոխության մասին հայտարարած «Բարգավաճ Հայաստանի» պատգամավորին զարմացրեց իշխանափոխության մասին՝ ցուցարարներից մեկի պնդումը:
Ակտիվիստ Զարոււհի Հովհաննիսյանի հայտարարությունը, թե ընտրություններին «Բարգավաճ Հայաստան»-ը փող է բաժանել, Արսենյանին արդեն զայրացրեց․ - «Երկրում մնացել են մենակ լեզվին տվողները, ոչ մի բան չանողները, խոսալով ապրողները: Ոչ մեկը չի փորձում իր քրտինքով նոր բան ստեղծի ու գնա ապրելու, մեր էս վիճակը այ դրա հետևանքն ա»:
«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ Հայաստանի այս բռնակցման համար պատասխանատու են նաև կողմ քվեարկող ընդդիմադիրները՝ կյանքի կոչելով Սերժ Սարգսյանի «ապօրինի» ստորագրությունը:
«Պահանջում են հրաժարական Սերժ Սարգսյանի, ցանկանում են ազատվել Սերժ Սարգսյանից, բայց միևնույն ժամանակ նրանք սպասարկում են Սերժ Սարգսյանին», - նշեց Փոստանջյանը:
Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանն էր հերթով մոտենում պատգամավորներին՝ ասելով, որ կողմ կոճակը սեղմելով՝ հայոց պատմության դավաճանների շարքին են դասվելու․ - «Վասակ Սյունու, Մերուժան Արծրունու, Պետրոս Գետադարձի կողքին»:
Մկրտչյանը հիշեցնում է, որ Ղրիմի բռնակցումից հետո տասնյակ պետություններ երես են թեքել Մոսկվայից, Հայաստանն էլ է դառնում քաղաքակիրթ աշխարհից մեկուսացած երկիր, էլ չասած՝ ռուսական փլուզվող տենտեսությունը: Պատգամավորներն ի՞նչ խղճով են վավերացնելու ստորացուցիչ, պատմական խայտառակությունը:
«Ոչ մի ժողովուրդ ինքնակամ չի հրաժարվում պետականությունից: Սա վերջին փուլն է, վերջին հանգրվանը», - ասաց Մկրտչյանը:
Ակտիվիստ Զարուհի Հովհաննիսյանի համար կասկածից վեր է, որ ինտեգրվում ենք կատարյալ բռնատիրական կառույցի, ընդ որում, ոչ միայն տնտեսական: Բավական է միայն տեսնել, թե որքանով են պաշտպանված մարդու իրավունքները Մոսկվայում, Մինսկում և Աստանայում:
Տնտեսական իմաստով, «Հայկական Ժամանակ»-ի մեկնաբանի համոզմամբ, Հայաստանն այս միությունում դառնալու է Ռուսաստանի թույլ զարգացած, փակուղու մեջ հայտնված մարզերից մեկը: Հօդս են ցնդելու Սերժ Սարգսյանի հավաստիացումները, թե 170 միլիոնանոց շուկան է բացվում մեր առջև, ճիշտ հակառակը՝ կտրուկ բարձրանալու են այդ երկրներից ներմուծման ծավալները՝ արտահանումը հասցնելով նվազագույնի:
«Մենք փակում ենք մեր շուկան, ըստ էության, աշխարհի տնտեսության առջև: Դրանից ես ոչ իմ լավ բան չեմ սպասում», - նշեց Գևորգյանը: