Կոռուպցիայի ընկալման տեսանկյունից «Հայաստանում լճացում է»

Your browser doesn’t support HTML5

Կոռուպցիայի վերացման տեսանկյունից 2003 թվից ի վեր Հայաստանում լճացում է, փաստում է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» միջազգային հակակոռուպցիոն կազմակերպությունը, որն այսօր հրապարակել է «Կոռուպցիայի ընկալման համաթիվն աշխարհում» վերտառությամբ իր հերթական զեկույցը:

Աշխարհի 174 պետություններում անցկացվող ամենամյա հարցումների արդյունքում կոռուպցիայի ընկալման աղյուսակում Հայաստանը հայտնվել է Հայաստանը 94-րդ տեղում է` Եգիպտոսի, Կոլումբիայի, Գաբոնի ու Լիբերիայի հետ միասին։

Կազմակերպությունը յուրաքանչյուր երկրում կոռուպցիայի ընկալումը գնահատում է 0-ից 100 միավորանի սանդղակով․ որքան բարձր է տվյալ երկրին տրված միավորը, այդքան ցածր է կոռուպցիայի ընկալման մակարդակն այդ երկրում։ Հայաստանն ունի ընդամենը 37 միավոր:

«Փաստը, որ [Հայաստանին տրված միավորը] 50-ից պակաս է, նշանակում է, որ կոռուպցիան լրջորեն ազդում է՝ բացասական իմաստով, երկրի զարգացման վրա», - մեկնաբանում է «Թրանսփարենսի Ինտերնեյշնլի» հայաստանյան հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը:

Հայաստանում տարեցտարի չնվազող կոռպուցիայի բարձր մակարդակը Հոկտանյանը բացատրում է քաղաքական և տնտեսական վերնախավերի սերտաճմամբ. բազմաթիվ են պնդումները այս կամ այն բարձրաստիճան պաշտոնյայի ունեցած բիզնեսների մասին, ապացույցներ, սակայն, այդպես էլ չեն գտնվում։

«Մեզ մոտ էլ, ասենք, շատերն ասում են, թե էսինչ ընկերության տերը իրականում, ասենք, Քոչարյանն է, կամ Սերժ Սարգսյանն է: Օրինակ, մեր կազմակերպությունը դիմել էր Էթիկայի հանձնաժողով՝ կապված Գագիկ Խաչատրյանի և Հերմինե Նաղդալյանի ընկերությունների հետ: Բնականաբար մեզ ասացին, որ դա իրենցը չէ: Շատ ու շատ այլ հետամնաց երկրներում դա շատ սովորական պրակտիկա է, երբ որ իրական տերերը չեն երևում», - նշեց Հոկտանյանը:

«Պետական պաշտոնյաները իրենց անազնիվ ճանապարհով ձեռք բերված հարստությունը օֆշորային ընկերությունների միջոցով տեղափոխում են ապահով վայրեր», - գրված է զեկույցում։

Արևմուտքում քաղաքական և տնտեսական վերնախավերի սերտաճումը բնորոշում է «իշխանությունների զավթում» բառակապակցությամբ։

«Խոշոր ֆինանսական օլիգարխիկ խմբավորումները արդեն թելադրում են պետության քաղաքականությունը, օրենքներ են ընդունվում իրենց օգտին, ենթաօրենսդրական ակտեր և այլ», - ընդգծեց Հոկտանյանը:

Եվրասիական տնտեսական միության Հայաստանի գործընկեր երկրներն, ըստ զեկույցի, ավելի կուռուպացված են, քաղաքացիներն էլ ավելի քիչ են վստահում իշխանություններին։ Ռուսաստանը ԹԻ-ի սանդղակում 136-րդ, Ղազախստանը 126-ը, իսկ Բելառուսում՝ 119-ևդ տեղում է։ Հայաստանի հարևաններինց ամենալավ ցուցանիշն ունի Վրաստանը. 174 պետությունների շարքում 50-րդն է, Իրանը 136-րդն է, իսկ հարևան Ադրբեջանը՝ կրկին 126-րդը:

«Եթե նայում ենք նախկին խորհրդային տարածքը, մենք, իհարկե, բալթյան երկրների և Վրաստանի համեմատ զիջում ենք, բայց մնացած երկրների համեմատ, ներառյալ՝ Ուկրաինան, Մոլդովան, էլ չեմ ասում՝ Եվրասիական տնտեսական միության անդամները, մենք նրանցից ավելի բարվոք վիճակում ենք», - ասում է Հոկտանյանը:

Հայաստանում կոռպուցիայի մակարդակը Հոկտանյանը բացատրում է կուռոպցիայի դեմ պայքարելու քաղաքական կամքի բացակայութամբ ու իշխանությունների ու բիզնես ոլորտների սերտաճմամբ, երբ երկրի իշխանական վերնախավի ներկայացուցիչները մեծ եկամուտներ ունեն բիզնես ոլորտից։