Եվրոպայում քննարկում են «Հարավային հոսք»-ի վերաբերյալ Մոսկվայի որոշումը

«Հարավային հոսք» գազատարի քարտեզը

Եվրամիության ներկայացուցիչները հերթական անգամ շեշտում են էներգակիրների աղբյուրների բազմազանեցման անհրաժեշտությունը:

«Հարավային հոսք» գազատարի շինարարությունը դադարեցնելու պաշտոնական Մոսկվայի որոշումը շարունակում է եվրոպական տնտեսական ու քաղաքական շրջանակների քննարկումների գլխավոր թեմաներից մեկը մնալ:

Եվրամիության ներկայացուցիչները պնդում են, որ Ուկրաինան շրջանցող այս նախագծի փաստացի տապալումը ևս մեկ անգամ ընդգծում է էներգակիրների աղբյուրների բազմազանեցման անհրաժեշտությունը:

«Այն որոշումը, որ կայացրեց Ռուսաստանը, ևս մեկ անգամ վկայում է, թե որքան հրատապ է ոչ միայն էներգակիրների մատակարարման ուղիների, այլև դրանց աղբյուրների բազմազանեցումը», - Բրյուսելում հայտարարեց Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:

Ռուսական գազը Իտալիա, Ավստրիա, Հունգարիա և Բալկաններ մատակարարելու համար նախատեսված «Հարավային հոսք»-ի շինարարության դադարեցման մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց երկուշաբթի օրը Անկարայում` Թուրքիա պետական այցի շրջանակներում: Նրա խոսքով՝ խողովակաշարի կառուցման դադարեցման գլխավոր պատճառը Բուլղարիայի իշխանությունների կողմից հարուցվող խոչընդոտներն են:

Բուլղարիայում աշնանը կայացած ընտրությունների արդյունքում ձևավորված կառավարությունը պնդում էր, որ խողովակաշարի շինարարությունը հակասում է Եվրամիության երկրներում գործող մի շարք օրենսդրական նորմերի: Երկրի նախագահ Ռոսեն Պլևնելիևի խոսքով՝ իր երկիրը գազատարի հետագա ճակատագիրը որոշելու հարցում այլևս որևէ անելիք չունի:

«Շատ հստակ է, որ «Հարավային հոսք» նախագծի իրականացման հնարավոր վերսկսումը Եվրամիության և Ռուսաստանի ձեռքում է, ինչպես նաև կախված է Ռուսաստանի Եվրամիության չափանիշներին համապատասխանելու ցանկությունից», - հայտարարել է Բուլղարիայի ղեկավարը:

Գազատարի շինարարության դադարեցումն անհամեմատ ավելի մեժ դժգոհություն առաջացրեց Սերբիայում: Երկրի վարչապետ Ալեքսանդր Վուչիչը հայտարարում էր. - «Գրեթե յոթ տարի Սերբիան շատ ջանք էր թափել, որպեսզի այս ծրագիրն իրականություն դառնա: Մենք համոզված էինք, որ «Հարավային հոսք»-ի շինարարությունը ձեռնտու է Սերբիային, և չէինք հրաժարվում դրան մասնակցելուց նույնիսկ շատ լուրջ ճնշման ներքո»:

Ըստ նախնական հաշվարկների՝ «Հարավային հոսք»-ի շինարարության դեպքում Սերբիայի տնտեսությունում իրականացված ներդրումների ընդհանուր ծավալը կազմելու էր 2 միլիարդ եվրո: Բուլղարիայի պետական բյուջեն «Հարավային հոսք»-ի շինարարության ավարտից հետո տարեկան պետք է 400 միլիոն եվրոյի ուղղակի եկամուտ ապահովեր: