«Հաշվի առնելով արտարժութային շուկաների տատանումների կարճաժամկետ բնույթը և արտարժութային պահուստների բավարար մակարդակը, գների կայունության և ֆինանսական կայունության հետ կապված զգալի ռիսկեր չկան», - այսօր հայտարարել է Կենտրոնական բանկը։
Բանկը տեղեկացնում է, որ վերջին մի քանի օրվա ընթացքում միջազգային շուկաներում և տարածաշրջանում տեղի ունեցած զարգացումները, այդ թվում արտարժութային շուկաների մեծ տատանումները, նպաստել են ներքին արժութային շուկայում որոշակի սպասումների ձևավորմանը և փոխարժեքի տատանողականության աճին։
«Կենտրոնական բանկը գնահատում է, որ այս երևույթները կրում են կարճաժամկետ բնույթ և հաստատում է իր պատրաստակամությունը՝ կայունացնել շուկայում իրավիճակը իր տրամադրության տակ գտնվող բոլոր գործիքների միջոցով», - փոխանցում է Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը։
Բանկը կոչ է անում զերծ մնալ արժութային սպեկուլյացիաներից և անհարկի փոխարկումներից, քանի որ, փոխարժեքի նման տատանողական վարքագծի պարագայում, դրանք իրենց մեջ կրում են բարձր ռիսկեր և ակնկալվող օգուտի փոխարեն կարող են հանգեցնել զգալի վնասների: