Իմպիչմենտի նախաձեռնությունը տապալվեց խորհրդարանում

Your browser doesn’t support HTML5

Սերժ Սարգսյանին իմպիչմենտի ենթարկելու նախաձեռնությունը այսօր խորհրդարանում տապալվեց:

Խորհրդարանի 131 պատգամավորներից ընդամենը երեքը միացան Նիկոլ Փաշինյանի որոշման նախագծին, որով նա առաջարկում էր երկրի ղեկավարին պաշտոնանկ անելու հարցը արտահերթ կարգով խորհրդարանի լիագումար նիստում քննարկման առարկա դարձնել։

Փաշինյանն այսօր մեկնարկած քառօրյայի նիստում մի վերջին անգամ հորդորեց պատգամավորներին օգտվել իրենց իրավունքից և այսօր մինչև ժամը 1։00-ն միանալ Սերժ Սարգսյանի պաշտոնանկության գործընթացին։ Նա ընդգծեց, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է փոփոխություններ կատարել որոշման նախագծում։

Սակայն պատգամավորի հորդորը որևէ ազդեցություն չգործեց, որոշման նախագծին միացան միայն «Ժառանգություն» խմբակցությունից Զարուհի Փոստանջյանն ու Ալեքսանդր Արզումանյանը: Երրորդ ստորագրությունը Նիկոլ Փաշինյանինն էր:

Խորհրդարանում արձանագրված այս պատկերը իշխող Հանրապետական խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանին թույլ տվեց հայտարարել՝ փաստորեն Սերժ Սարգսյանը վայելում է խորհրդարանի լիակատար վստահությունը:

«Ինչ վերաբերում է մյուս հարգարժան գործընկերոջս՝ Նիկոլ Փաշինյանին, ես ողջունում եմ իր նախաձեռնությունը այն տեսակետից, որ եթե 131 հոգուց երեք հոգի է ստորագրել, դա նշանակում է Հայաստանի Հանրապետության նախագահի քաղաքականությունը այս դժվարին պահին, երբ տարածաշրջանը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ, օգտվում է լիարժեք վստահությունից Ազգային ժողովի կողմից»,- ասաց Գեղամյանը։

Այսպիսով Սերժ Սարգսյանի պաշտոնանկության գործընթացին չմիացան նաև իշխափոխության գործընթաց նախաձեռնած եռյակի ուժերը՝ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն և «Ժառանգությունը»։

Թեև «Ժառանգության» երկու պատգամավորները՝ Ալեքսանդր Արզումանյանը և Զարուհի Փոստանջյանը անհատապես կողմ արտահայտվեցին, սակայն խմբակցությունը չմիացավ նրանց։ Իրենց այդ որոշումը խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը այսպես բացատրեց.- «Ակնհայտ էր՝ խնդիր դրված չէր իսկապես իմպիչմենտի հարց կազմակերպել, այլապես Փաշինյանը պետք է նախապես զրուցեր այն քաղաքական ուժերի հետ, որոնց ստորագրությունը ակնկալում էր։ Նման բան չի եղել։ Ես կարծում եմ՝ եթե փաստաթուղթը նախապես քննարկվեր քաղաքական ուժերի կողմից, լուրջ առաջարկություններ կլինեին։ Օրինակ, ես մտածում եմ, որ ամենահամոզիչ փաստարկներից մեկը պետք է լիներ առաջին կետում, և դա 2013 թվականի նախագահական ընտրությունների կեղծումն էր, որը չկա այդ փաստաթղթում»։

Ոչ իշխանական եռյակից «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը նույնպես մերժեց Փաշինյանի նախաձեռնությունը։ ԲՀԿ-ն խորհրդարանում ունի 36 պատգամավոր, և ըստ էության, այս ուժից էր կախված Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցը քննարկման առարկա կդառնար, թե՝ ոչ։

Խորհրդարանում իր մեծությամբ երկրորդ ուժը պարզվում է՝ կիսում է նախագահին պաշտոնանկ անելու Փաշինյանի որոշման նախագծում տեղ գտած մտահոգությունները, բայց չի միանում դրան, քանի որ վստահ է՝ այն որևէ արդյունք չի ունենալու:

«Այն բոլոր մտահոգությունները և երկրում առկա վիճակի նկատմամբ վերաբերմունքը, որն արտահայտել է իր նախագծով պատգամավոր Փաշինյանը, կիսում ենք և ընդունում ենք։ Բայց վիճակը իրատեսականորեն հետևյալն է՝ այդ նախաձեռնությունը ապահովելու է ընդամենը մեկ քայլանոց գործողություն և այդ իսկ քայլով ավարտվելու է անհաջողությամբ»,- փոխանցեց ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:

Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը մերժելու նույնանման մեկնաբանություն է տվել նաև ՀԱԿ խմբակցության փորձագետ և մամուլի պատասխանատու Արմեն Խաչատրյանը: Վերջինս գրավոր հայտարարության մեջ նշել է, թե Սերժ Սարգսյանին խորհրդարանում պաշտոնանկ անելու գործընթացի համար անհրաժեշտ մեծամասնություն չկա, հետևաբար այն «դատապարտված է անփառունակ տապալման և կարող է ծառայել ժողովրդի հիսաթափմանն ու ռեժիմի դիրքերի ամրապնդմանը»:

Ի պատասխան մեր հարցի, թե ինչու ՀԱԿ-ը դեմ արտահայտվեց անգամ հարցի քննարկմանը, խմբակցության պատգամավոր, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը պատասխանեց, թե տապալված նախաձեռնությունը քննարկելու որևէ իմաստ չկա:

«Դուք տեսաք Հանրապետական խմբակցության պատգամավորի հայտարարությունը այդ կապակցությամբ, որ եթե ընդամենը երեք պատգամավոր է միանում այդ նախաձեռնությանը, ուրեմն ինչպիսի համերաշխություն է տիրում գործող նախագահի շուրջ։ Խնդրում եմ իմ ասած այս փաստարկը ընթերցել հետևից առաջ»,- ասաց Ջհանգիրյանը։

Հավելենք, որ Դաշնակցությունը և «Օրինաց երկիրը» նույնպես մերժել են Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը: Ինչպես պարզաբանեց ՕԵԿ-ական Մհեր Շահգելդյանը, իրենք 6 տարի կոլաիցիայի շրջանակներում համագործակցել են Սերժ Սարգսյանի հետ, հետևաբար բարոյական չէ նրա պաշտոնանկության հարցը բարձրացնել: