Հայաստանի Լոռու մարզի Օձուն գյուղի 6-րդ դարի Սուրբ Մարիամ Աստվածածնի եկեղեցու վերականգնողական աշխատանքները հաջողությամբ ավարտվել են: «Օձունի վերածնունդ» ծրագրի հաղորդագրության համաձայն, կատարող «ԼևԳուկ» ընկերությունն ուժեղացրել է շինությունը ներքին ամրացման մեթոդով՝ սահմանափակելով արտաքին տեսքի միջամտությունը թռուցիկ շտկումներով՝ որմերի մաքրում և որակը կորցրած կրաշաղախի փոփոխություն:
«Մենք ավելի շուտ հնագույն տաճարի բուժմամբ էինք զբաղված, քան նորոգմամբ: Ջանում էինք նվազագույնս խառնվել շենքի կառույցին, որպեսզի պահպանվի նրա ճարտարապետական և պատմական արժեքը», - ասել է արդեն քսանից ավելի հայկական եկեղեցիներ և վանահամալիրներ վերանորոգած «ԼևԳուկ» ընկերության գործադիր տնօրեն Լևիկ Ղուկասյանը:
Եկեղեցուն սպառնում էին ճեղքերը և տանիքին ու որմերի վրա Լոռու խոնավ կլիմայի պատճառով աճած բույսերի արմատները: Շատ տեղերում շաղախն իսպառ լվացվել էր: Վերանորոգման երկարաձգումը կհանգեցներ տաճարի քանդմանը արտաքին գործոնների ազդեցությամբ, որոնց հավանականությունը երկրաշարժավտանգ այս տարածքում շատ բարձր է, նշված է հաղորդագրությունում:
Ըստ Ղուկասյանի՝ ներքին ամրացման ինքնատիպ մեթոդների մշակմանը մասնակցել են լավագույն հայ ճարտարագետները և Միլանի (Իտալիա) պոլիտեխնիկական ինստիտուտի մասնագետները: Աշխատանքի ընթացքում կիրառվել են ապակեմանրաթելային ճոպաններ և գործվածքներ, որոնց միջոցով ամրացվել են գմբեթը, վեղարը և որմերը: Կոռոզիայի ավերիչ ազդեցությունից խուսափելու համար վերանորոգողները փոխարինել են նախկին երկաթյա ամրանները բարձրարդյունավետ եվրոպական սոսինձներով:
Նախապատրաստական աշխատանքների ընթացքում բացահայտվել են 6-րդ դարի քանդակների դրվագներ և կղմինդր, հին կենցաղի առարկաներ: Բացի այդ, վեղարի տակ պահպանվել է գինու շիշ՝ Աբովյան եղբայրների միջոցներով 1889 թվականին իրականացված վերանորոգման արդյունքների մասին գրությամբ: Փաստաթուղթը փոխանցվել է Մատենադարան՝ վերականգնման և ուսումնասիրման համար:
Լևիկ Ղուկասյանը չափազանց արդյունավետ է որակել համագործակցությունը կատարողների և պատվիրատուի՝ ծագումով Լոռու տարածաշրջանից մոսկովյան գործարար Մովսես Ձավարյանի միջև, ով տրամադրել է տաճարի վերականգնման միջոցները:
«Նման վերականգնում իր ծավալով և տեխնիկական լուծումներով Հայաստանում դեռ չէր եղել: Հաջողվեց փրկել և ժառանգների համար պահպանել մեր պատմաճարտարապետական գլուխգործոցը», - ասել է «Օձունի վերածնունդ» ծրագրի համակարգող Արմեն Դավթյանը՝ հավելելով, որ լրացուցիչ նախագծի հաստատումից հետո «ԼևԳուկ» ընկերությունը կբարենորոգի ջրահեռացումը տաճարի արտաքին գավիթներում, և այդ դեպքում իրենց առաքելությունը կարելի է համարել ավարտված: