ԵՏՄ-ին անդամակցելուց հետո տնտեսական մրցակցության հարցերը կորոշվեն Մոսկվայում

Your browser doesn’t support HTML5

ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի խոսքով՝ ԵՏՄ մրցակցության հարցերով հանձնաժողովը քննելու է միայն անդրսահմանային դեպքերը:

Եվրասիական միությանն անդամակցելուց հետո տնտեսական մրցակցությանը վերաբերող վերջնական որոշումները այլևս կայացվելու են Մոսկվայում, այսօր հայաստանյան գործարարների հետ կայացած քննարկմանը հայտարարեց Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանը:

Նա մանրամասնեց, թե անդամակցությունից հետո Եվրասիական տնտեսական միության մրցակցության հարցերով հանձնաժողովն է վարչական վարույթ հարուցելու և որոշումներ կայացնելու բոլոր այն տնտեսվարողների առնչությամբ, որոնք միաժամանակ գործելու են միության երկու և ավելի պետությունների տարածքներում:

Այլ կերպ ասած, հայաստանյան որևէ ընկերություն, որը աշխատում է Հայաստանում, բայց նաև արտահանում է միության որևէ անդամ-երկիր կամ ներմուծում է այնտեղից, ԵՏՄ մրցակցության հարցերով հանձնաժողովի կողմից կարող է մեղադրվել մրցակցության կանոնները խախտելու համար և տուգանվել:

«Հաշվի առնելով, որ այդ տեղեկատվության մեր մասը տիրապետում են անդամ-պետությունների մրցակցության մարմինները, ողջ վարույթի ընթացքում մենք սերտորեն համագործակցելու ենք Եվրասիական տնտեսական միության մրցակցության հարցերով հանձնաժողովի հետ: Ուսումնասիրությունները, գործի քննությունները ամբողջությամբ համատեղ ենք իրականացնելու, սակայն վերջնական որոշումները կայացվելու են Եվրասիական տնտեսական միության մրցակցության հարցերով հանձնաժողովի կողմից», - ասաց Արտակ Շաբոյանը:

«Եթե ԵՏՄ մրցակցության հարցերով հանձնաժողովը նպատակահարմար համարի, կարող է գործի քննությունը փոխանցել անդամ-պետության լիազոր մարմնին: Եթե կայացրած որոշումենրի հետ տնտեսվարողները համաձայն չլինեն, կարող են վարչական կարգով բողոքարկել ԵՏՄ մրցակցության հարցերով հանձնաժողով, իսկ եթե կրկին համաձայն չեն՝ կարող են բողոքարկել ԵՏՄ դատարան», - շարունակեց Շաբոյանը:

Հարցին, թե արդո՞ք ՏՄՊՊՀ-ն այլևս ձևական բնութ չի կրելու հարցին Շաբոյանն արձագանքեց․ - «Իհարկե դա այդպես չէ: Ես իմ խոսքում էլ նշեցի, որ ԵՏՄ մրցակցության հարցերով հանձնաժողովի կողմից քննվելու են անդրսահմանային դեպքերը: Դրանք այն դեպքերն են, երբ խոսքը վերաբերում է այն տնտեսվարողների գործունեությանը, որոնք գործունեություն են իրականացնում երկու և ավելի պետությունների տարածքում», - ասաց ՏՄՊՊՀ նախագահը:

Շաբոյանը հավելեց, որ եթե մրցակցության կանոնները խախտվում են այն ընկերությունների կողմից, որոնք գործում են միայն Հայաստանում, ապա «այդ դեպքերը քննվելու են ազգային օրենսդրությունների ներքո»:

Գործարարները մտահոգ են

Արտակ Շաբոյանի հրավիրած քննարկմանը գործարարները չթաքցրեցին իրենց մտահոգությունները:

«Արարատի սննդի կոմբինատ» ընկերության տնօրեն Երվանդ Թարվերդյանը, օրինակ, փաստեց, որ չնայած մաքսային ընդհանուր դաշտին, արդեն մոտ մեկ շաբաթ է, ինչ Ռուսաստանը արգելում է Բելառուսից ներմուծել բուսական և կենդանական ծագման որոշ ապրանքներ՝ պատճառաբանելով, թե դրանք Ռուսաստանի պատժամիջոցների տակ հայտնված եվրոպական ապրանքներն են, որոնք Բելառուսը վերամշակում ու կրկին մտցնում է ռուսական շուկա: Նույնը կարող է կրկնվել նաև հայ գործարարների հետ՝ մտավախություն ունի Թարվերդյանը:

«Ինձ համար անհասկանալի է, եթե մենք ներմուծում ենք միս, այն վերաարտահանում ենք Ռուսաստանի Դաշնություն, ես ամբողջովին համաձայն եմ, դա չի վերամշակվում: Բայց եթե մենք բերում ենք միս, դրանից ստանում ենք մսային պահածո, երշիկ, վիչինա և այլն, և այլն, դրա նկատմամբ կիրառվելո՞ւ է, թե ոչ», - հարցրեց Թարվերդյանը:

«Էկոկաթ» և «Լիկվոր» ընկերությունների տնօրեններ Արթուր Մովսիսյանն ու Սերգեյ Մաթևոսյանն էլ նշեցին, որ եթե Հայաստանում ապրանքների նկատմամբ կիրառվում է 20 տոկոս ավելացված արժեքի հարկ, ապա Ռուսաստանում այն 10 տոկոս է, իսկ Բելառուսում ընդհանրապես չկա:

Արդյունքում, միևնույն տնտեսական դաշտում գործող հայաստանյան ընկերությունները կտուժեն, քանի որ ռուսական և բելառուսական ընկերությունները, ավելի քիչ հարկ վճարելով, կկարողանան զարգացման և ընդլայնման համար ավելի շատ գումար հատկացնել:

«Ոչ հավասար մրցակցային դաշտ է, այսինքն, Ռուսաստանի ձեռնարկությունները 10 տոկոսի դրույքաչափով ավելի ներդրումների առումով խոշորանալու են, իսկ Հայաստանի ձեռնարկությունները կարծում եմ, չեն դիմանա այդ մրցակցությանը, որովհետև 10 տոկոսը ահագին տարբերություն է», - նշեց Արթուր Մովսիսյանը: