Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցության պայմանագիրն ընդգրկված է խորհրդարանի այսօր մեկնարկող քառօրյայի օրակարգում: Եթե Ազգային ժողովը վավերացնի փաստաթուղթը, ապա արդեն հաջորդ տարվա սկզբից Հայաստանն իր տնտեսական գործունեությունը ստիպված կլինի ծավալել ԵՏՄ-ի շրջանակներում:
Տնտեսական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը կարծում է, որ ԵՏՄ-ի ներսում անդամ երկրների միջև հարաբերությունների սրումը չի անդրադառնա Հայաստանի վրա:
«Դրանք ընթացիկ հարաբերություններ են Բելառուս, Ղազախստան, Ռուսաստան՝ տնտեսական ընթացիկ վիճակի կապակցությամբ, սանկցիաների: Յուրաքանչյուր պետություն, այնուամենայնիվ, փորձում է այդ իրավիճակում իր պետական շահերը պաշտպանել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մելքումյանը:
ԲՀԿ խմբակցությունը, որը պատրաստվում է կողմ քվեարկել ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցելուն, դրական ակնկալիքներ ունի տնտեսական այս կառույցից:
«Հիմքում դրված է արմատական, դա Հայաստանի անվտանգությունն է և Ղարաբաղի հետ կապված խնդիրը», - հայտարարեց Մելքումյանը:
Խորհրդարանական ուժերից այս միությանն անդամակցելուն դեմ արտահայտվող «Ժառանգություն» խմբակցությունում, այդուհանդերձ, պնդում են, թե քանի դեռ լուծված չէ Ղարաբաղի հարցը՝ որևէ դաշինքի անդամակցելը կվնասի հենց Ղարաբաղին:
«Ազատության» հետ զրույցում «Ժառանգության» պատգամավոր Թևան Պողոսյանը պնդեց, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցելու փաստաթղթին:
«Մենք ունենք հավատարիմ մարդիկ, որոնք մտածում են, որ եվրոպական ինտեգրումն է ճիշտ, կասկածում եմ, որ պարոն Հակոբյանը [«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը] դրանցից մեկը լինի, բայց նաև բոլորս միասին դեմ ենք եվրասիական ինտեգրմանը», - ասաց Թևան Պողոսյանը: