Ժողովրդին հրավիրելով հրապարակ հոկտեմբեր ամսին` պետք է ժողովրդին մեր այլընտրանքը ներկայացնեինք նաև նոյեմբեր ամսվա ընթացքում, «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ այսօր ասաց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ իրենք գործընկերներին ներկայացրել են, որ անհրաժեշտ է, որպեսզի ժողովրդին ներկայացնեն միացյալ հռչակագիր և հրապարակային քայլեր:
«Ես ցավում եմ, որ այսօր՝ նոյեմբերի 30-ի գիշերը, մենք միացյալ առաջարկ չենք արել ժողովրդին: Հույս ունեմ, որ այս հստակեցումները կկայան առաջիկա օրերի, շաբաթների ընթացքում, որովհետև դրանք անհրաժեշտ են իրական համաժողովրդական շարժում իրացնելու համար», - ասաց Հովհաննիսյանը:
«Ժառանգության» առաջնորդը հավելեց, որ դեկտեմբերին քաղաքացիական ժողովներ են նախաձեռնել Երևանում, Գյուրմրիում և Վանաձորում, որտեղ կներկայացնեն ոչ միայն իրենց, այլ նաև քաղաքացիական, քաղաքական այլ տեսակետներ, ինչպես նաև կմատնանշեն իրենց ապագա ճանապարհը․ - «Եվ հույս կհայտնենք այնտեղ, որ մենք շատ մոտ ապագայում քաղաքական և քաղաքացիական միասնական մոտեցմամբ Սահմանադրությունը կվերադարձնենք Հայաստանի քաղաքացուն»:
Հովհաննիսյանը նաև նշեց, թե քանի դեռ չկա հուշագիր, կամ հռչակագիր՝ երեք ուժերի ղեկավարների ստորագրմամբ, գոնե «Ժառանգությունը» կդժվարանա «չակերտյալ եռյակի մասին խոսել»:
«Ներկա դրությամբ կա երեք ուժերի շատ կառուցողական, ապագայամետ, անհրաժեշտ, ժողովրդի պահանջն իրացնող համագործակցություն, բայց որպեսզի ինքը դառնա եռյակ, կամ ժողովրդի մեծամասնությունը ներկայացնող, ինքը պիտի ունենա այդ ուղիղությունը, շիտակությունը՝ ասելու, որ սա է շարժման նպատակը, սա է անունը, այս մեխանիզմներով պիտի առաջ գնանք՝ նախագահական և խորհրդարանական ընտրություններով ժողովրդին վերադարձնենք իշխանությունը», - շեշտեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Դիտարկմանը, թե` փաստորեն քննադատական հայացքով է դիտում եռյակի ընդհանրական ակցիաները, Հովհաննիսյանն արձագանքեց․ - «Դուք շատ մեղմ եք ասում, ես քննադատում եմ բոլորիս, այդ թվում և ինձ, և ասում եմ, որ մենք պետք է ավելի ամբողջական, ավելի ռազմավարական, ավելի շիտակ, ավելի հետևողական ծրագիր, ճանապարհային քարտեզ և նպատակ ներկայացնենք մեր ժողովրդին: Սա վերաբերում է նաև ինձ, բայց անհրաժեշտ է, որ ժողովրդին հրավիրելով հրապարակ` մենք հարգենք յուրաքանչյուր քաղաքացու արժանապատվությունը: Սա խաղ չէ, սա իշխանության համար պար չէ, դա երկիրը փրկելու անհրաժեշտություն է, և այդ կամքով, այդ անկեղծությամբ և նաև այդ առաջարկով ես դիմել եմ իմ գործընկերներին և նաև ամբողջ հասարակությանը՝ ներկա լինելու և այնպես անելու, որ շարժումը չմնա միայն անուն կամ գրասենյակ, այլ դառնա վերջապես իրականություն»:
Անցած նախագահական ընտրություններում առավել թվով ձայներ ստացած ընդդիմադիր թեկնածու Հովհաննիսյանը նաև անդրադարձավ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի առաջարկին` նախագահ Սերժ Սարգսյանի խորհրդարանական իմպիչմենտ սկսելու վերաբերյալ: Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ ընդունում է Փաշինյանի նախաձեռնության սկզբունքը, սակայն, նրա դիտարկմամբ, դրա հիմնավորումները ամբողջական չեն:
«Պետք է ասեմ, որ այնտեղ կա երկու հիմնական թերություն․ առաջինը՝ այդ 8 կետերի մեջ չկա այդ հիմնավորումը, որ 2013 թվականի և դրան նախորդող ընտրությունների ժամանակ եղել են պետական հանցագործություն հանդիսացող գողացված ընտրությունները՝ կազմակերպված հանցագործությամբ: Այդ կետերի մեջ չկա այդ հիմնավորումը, որ այսօրվա նախագահությունը և փաստացի նախագահը չընտրված վիճակում են, և փաստորեն իրենք այնտեղ նստում են պետական հանցագործության շնորհիվ: Երկրորդն էլ, չկա իհարկե հղում, իհարկե Թուրքիա-Հայաստան կա գրված այնտեղ, բայց չկա գրված Մադրիդյան սկզբունքների, Եվրասիական տնտեսականմիավորման հղումը: Կուզեի, որ ավելի ամբողջական լիներ», - մանրամասնեց Հովհաննիսյանը:
«Եթե նման քայլի են դիում, նույնիսկ, եթե դա բարոյական, խորհրդանշական քայլ է, դրա հիմնավորումը պիտի լինի ամբողջական: Սկզբունքը ընդունում ենք, բայց հիմնավորումը պետք չէ՝ լինի սելեկտիվ, ընտրովի», - հավելեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդաշարի` ստորև տեղադրված տեսագրությունում: