Հայաստանի կոմունիստները վստահ են, որ ԵՏՄ-ը կնպաստի Խորհրդային միության վերականգնմանը

Your browser doesn’t support HTML5

Լրագրողների հետ զրույցում Ռուսաստանի կոմունիստական կուսակցության ղեկավարի տեղակալը խոստովանեց, որ ԵՏՄ-ը կոմունիստների ծրագիրն է:

Հայաստանի ավելի քան 20 հազար անդամ ունեցող Կոմունիստական կուսակցությունում սրտատրոփ են սպասում հունվարի մեկին, երբ Հայաստանը կհայտնվի Կրեմլի նախաձեռնած Եվրասիական տնտեսական միության կազմում։ Կոմունիստները համոզված են, որհետագայում այն կվերածնվի որպես նոր Խորհրդային միություն, իրենք էլ կրկին իշխանության կգան։

Այս հույսով էլ ապրում է մանկությունը, երիտասարդությունը Խորհրդային Հայաստանում անցկացրած Շուրա Ղազարյանը՝ հավատալով, որ կյանքի վերջին օրերը ևս կանցկացնի դաշինքում՝ ռուս ժողովրդի կողքին։

«Մտնենք Ամերիկայի կազմի մե՞ջ, չէ, մեր ամենապարտաճանաչ պատասխանատուն Ռուսաստանն է: Դուք ի նկատի ունեք, որ Ռուսաստանը զե՞նք է վաճառում Ադրբեջանին, դա միջազգային մասշտաբով ընդունված բան է, չի կարող չվաճառել, սա բիզնես է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ղազարյանը:

Իրենց սպասումների մասին այսօր կուսակցության 39-րդ համագումարում հայտարարեցին Հայաստանի կոմունիստները: Ներկա էին ոչ միայն Ռուսաստանի, այլև հարևան Վրաստանի կոմունիստ ընկերները։

Հայաստանի կառավարության նիստերի դահլիճում կոմունիստական պաթոսով հնչող

ելույթներում նրանք քննադատեցին անկախ Հայաստանի ձախողումները՝ հայտարարելով, թե այս ամենին հաշված ամիսներ են մնացել։

Հայ ընկերներին ռուս կոմունիստների ղեկավար Գենադի Զյուգանովի անունից ողջույնի խոսք փոխանցեց նրա տեղակալ, Պետդումայի պատգամավոր Կազբեկ Տայսաևը։

Լրագրողների հետ զրույցում նա խոստովանեց, որ Եվրասիական տնտեսական միությունը կոմունիստների ծրագիրն է:

«Դա մեր ծրագիրն է, մենք ենք մեր երկրների ղեկավարներին մղում նրան, որ է՛լ ավելի ինտեգրվենք, ստեղծենք Եվրասիական միությունը, Մաքսային միությունը: Առանց մեր տնտեսական պոտենցիալի միավորման հնարավոր չէ զարգանալ: Տեսեք, թե ինչ է դարձել ձեր երբեմնի հրաշալի զարգացող երկիրը», - ասաց Տայսաևը:

Նա նշեց, որ Խորհրդային միության փլուզումը անդամ պետություններից որևէ մեկը չհաղթահարեց, բոլորն էլ խնդիրներ ունեն։ Նոր միության կազմում համատեղ տնտեսություն վարելով՝ կոմունիստները համոզված են՝ կստեղծեն այնպիսի երկիր, որտեղ աշխատող մարդը արժանապատիվ կապրի, այնպես, ինչպես ոչ վաղ անցյալում էր։

«Մենք չենք կասկածում, որ կվերածնվի եղբայրական ժողովուրդների նոր միությունը», - նշեց Պետդումայի պատգամավոր Կազբեկ Տայսաևը:

«Ազատության» այն հարցին, թե արդյոք Եվրասիական տնտեսական միությունը, որն, ըստ պաշտոնական հայտարարությունների, զուտ տնտեսական համագործակցության ձևաչափ է, կդառնա Խորհրդային միության մոդելը ժամանակակից աշխարհում, ռուս կոմունիստը պատասխանեց, որ իրենք հույս ունեն, որ Եվրասիական տնտեսական միությունը օրերից մի օր կդառնա եղբայրական ժողովուրդների միություն:

«Իրականում առանձին-առանձին գոյություն չունեն տնտեսական ու քաղաքական միություններ: Տնտեսականը իր հետևից է տանում քաղաքականին, և հակառակը: Ես հավատացած եմ, որ ապագայում բոլորս կապրենք եղբայրական ժողովուրդների այդ միությունում։ Այժմ չէ, բայց ապագայում նման հեռանկարներ կան», - ընդգծեց ռուսաստանցի պատգամավորը:

«Մեծ եղբոր»՝ Ռուսաստանի, հետ նոր կարգավիճակով հարաբերությունների հեռանկարը նոր շունչ է հաղորդել անցած քսան տարիներին Խորհրդային միության փլուզման ցավը սրտերում ապրող կոմունիստներին։

Կենտկոմի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանն «Ազատության» հարցին ի պատասխան՝ համոզմունք հայտնեց, թե հենց կոմունիստները կդառնան իշխող քաղաքական ուժը Եվրասիական տնտեսական միությունում:

«Հաստատ հավատացած եմ, որ այո, Եվրասիական տնտեսական միությունը կհանդիսանա նախադեպ, հնարավորություն կստեղծի Խորհրդային միության վերականգնմանը, որտեղ կոմունիստները կլինեն իշխանության և կստեղծեն այն ինչ-որ ստեղծել են․․․», - ասաց Սարգսյանը:

Հայաստանի կոմունիստների շարքերն այսօր համալրեցին ավելի քան տասը երիտասարդներ, ովքեր ճիշտ են համարում խոսքի ազատության ու ժողովրդավարության սահմանափակումները։

«Իմ կարծիքով պետք չի ժողովրդին այդքան խոսքի ազատություն տալ, և պետք է ինչպես այն ժամանակներում ամեն ինչ փակ է եղել, այդքան տեղեկացված չեն եղել, իմ կարծիքով դա ավելի ճիշտ է եղել», - ասաց այդ երիտասարդներից մեկը: