ԵՏՄ անդամակցության ընդդիմախոսների կարծիքով կառույցը թղթի վրա կմնա

Փորձագետների խոսքով, ժամանակն է, որ Հայաստանի իշխանությունները ԵՄ հետ հարաբերությունները բարելավելու հստակ տեսլական ունենան

Եվրասիական տնտեսական միությանն ընդդիմախոսները շարունակում են պնդել, որ ամենայն հավանականությամբ, խոստացված տնտեսական համագործակցությունը չի ստացվի, և կառույցը կմնա թղթի վրա՝ հաշվի առնելով, թե ինչ հարաբերություններ ունեն այսօր ԵՏՄ-ի ներսում Բելառուսն ու Ղազախստանը Ռուսաստանի հետ:

Հիշեցնենք, որ Россельхознадзор-ը՝ Ռուսաստանի գյուղատնտեսական վերահսկողական ծառայությունը, խստացրել է Բելառուսից և Ղազախստանից Ռուսաստան ներկրվող արտադրանքի մուտքը:

«Մենք շան լակոտ չենք և թույլ չենք տա, որ մեր վզից քարշ տան», - ի պատասխան Կրեմլի այս քայլի՝ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Լրատվամիջոցները փաստում են, որ սրված են նաև հարաբերությունները Ղազախստանի և Ռուսաստանի միջև: Մասնավորապես, այն բանից հետո, երբ ռուբլին ղազախական տենգեի նկատմամաբ կտրուկ արժեզրկվեց, Ղազախստանը դադարեցրեց Ռուսաստանի սահմանային շրջանների էլեկտրաէներգիայի մատակարարումը:

Վերլուծելով նոր դաշինքի ներսում սրվող հարաբերությունները՝ երեկ ռուսական «Дождь» հեռուստաընկերությունը նկատել է, թե փաստորեն տնտեսական այս կառույցում մնում է միայն Հայաստանը, որի հետ Ռուսաստանը ոչ մի ընդհանուր սահման չունի:

Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցությանն ընդդիմացող քաղաքական գործիչներին ևս մտահոգում են այս դիտարկումները: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը տարակուսում է, թե ո՞ւր է գնում Հայաստանը վատ տնտեսական վիճակում հայտնված Ռուսաստանի հետ:

«Ռուսաստանի տնտեսությունը վատ վիճակում է, Ղազախստանը նույնպես արդեն սկսել է կորուստներ տեսնել, նավթային գները իջեցրել, Բելառուս-Ռուսաստան առճակատում է տեղի ունենում շուկայի խնդիրներում: Եվ ի վերջո, իսկապես, այն կանխատեսումները, որ այս միությունը հաջողության երևի չի հասնելու, միգուցե թղթի վրա կլինի, բայց ինչպես բոլոր ինտեգրացիոն գործընթացները հետ-սովետական տարածքում, այն որ սա ևս հաջողության չի հասնի, ես նույնպես դրան հավատում եմ», - ասաց Պողոսյանը:

Արևելյան գործընկերության ազգային պլատֆորմի նորընտիր համակարգող Միքայել Հովհաննիսյանը «Ազատության» հետ զրույցում ևս պնդեց, որ Բելառուս-Ղազախսատն-Ռուսասատն հարաբերություններում առկա սրացումները լավ չեն անդրադառնա Հայաստանի վրա:

Հովհաննիսյանը ուշադրություն հրավիրեց նաև ուկրաինական ճգնաժամի վրա՝ դիտարկելով այն որպես Եվրասիական միության կարևորագույն փորձություններից մեկը:

«Խնդիրները, որոնք առավել տեսանելի են դարձել հիմա, նաև կապված են ուկրաինական ճգնաժամի և պատժամիջոցների արդյունքում՝ Ռուսաստանի տնտեսական վիճակի վատթարացման: Այսինքն, առաջին իսկ փորձարկումը կրիզիսային իրավիճակում էս ֆորմատի ցույց է տալիս այն բոլոր խնդիրները, որոնք որ այն իր մեջ պարունակում է: Այս տեսանկյունից Հայաստանը շատ լավ հնարավորություն ունի տեսնելու, թե որոնք են այս ֆորմատի հիմնական խնդիրները», - ասաց Հովհաննիսյանը:

Պատգամավոր Թևան Պողոսյանն ասում է, որ այս ամենը հաշվի առնելով, Հայաստանի իշխանությունները պետք է դեռ մեկ տարի առաջ Վիլյունում գոնե քաղաքական մասով փորձեին որևիցե համաձայնության գալ ԵՄ-ի հետ՝ հավելելով, որ Թեպետ իշխանությունները մեկ տարի շարունակ խոսում էին այդ մասին, գործուն քայլեր այդպես էլ չձեռնարկեցին:

Միքայել Հովհաննիսյանի կարծիքով՝ իշխանությունների նման պահվածքը միայն մի բան է նշանակում․ եվրասոցիացման հեռանկարից կտրուկ ԵՏՄ անցումը բխում է ոչ թե Հայաստանի, այլ իշխանությունների շահերից:

«Այն, որ Հայաստանը, դեռևս չմիացած, ուներ խնդիրներ՝ կապված, առաջին հերթին, սահման չունենալու և ԼՂ հետ մաքսակետի հետ, նույնպես բավականին կարևոր ահազանգեր էին մեր իշխանությունների համար: Այսինքն, այս ֆորմատին անդամակցելը Հայաստանի իշխանությունների և Սերժ Սարգսյանի անձամբ որոշումն էր, որը բխում էր ոչ թե Հայաստանի, այլ Սերժ Սարգսյանի շահերից՝ ամրապնդել սեփական իշխանությունը՝ ստանալով արտաքին այն ուժի աջակցությունը, որից առավել կախվածություն ունի այսօրվա Հայաստանի իշխանությունը», - նշեց Արևելյան գործընկերության ազգային պլատֆորմի համակարգողը:

Տարեվերջին ԵՄ-ը Հայաստանին անհատույց 130-170 միլիոն եվրո տրամադրեց, երկկողմ հարաբերությունների հեռանկարը, սակայն, դեռ մշուշոտ է:

Այդուհանդերձ, Թևան Պողոսյանի կարծիքով՝ ժամանակն է, որ գոնե իշխանություններն ունենան ընդհանուր հստակ տեսլական, թե ինչպես բարելավել հարաբերությունները ԵՄ-ի հետ:

Իր հերթին Արևելյան գործընկերության ազգային պլատֆորմի համակարգողը վստահեցնում է, որ յուրաքանչյուր, նույնիսկ ճգնաժամային իրավիճակ նոր հնարավորությունների սկիզբ է:

«Չկա այն ընդհանուր գաղափարի մոտեցումը, որ մենք ունենք երկարատև ծրագիր, ունենք պատկերացում և տեսլական, թե ինչպես ենք անելու, հիմա փաստորեն, նորից աշխատելու ենք ծրագրից ծրագիր, այլ ոչ թե համակարգային բարեփոխումների փաթեթով», - նշեց Պողոսյանը:

«Այդ նոր ֆորմատի ինչ լինելու մեջ շատ կարևոր կարող է լինելու հասարակության դերը և հասարակությունը պետք է փորձի ձևակերպել էն տեսլականը Հայաստան-ԵՄ հարաբերությունների, որը կարևորում է, և մատուցել դա երկու կողմերին», - եզրափակեց Միքայել Հովհաննիսյանը:

Ռուսաստանի և Արևմուտքի միջև օր-օրի սրվող հարաբերությունները հաշվի առնելով՝ Թևան Պողոսյանը շեշտում է, որ Եվրասիականի հետ սերտ հարաբերություններ կառուցող իշխանությունները պետք է հավելյալ ջանքեր գործադրեն՝ Եվրամիության հետ կապերը պահպանելու համար և նախաձեռնությունն իրենց ձեռքն առնեն:

«Ամեն օր, ըստ իս, դեկտեմբերի 1-ից 30-ը Հայաստանի բոլոր պետական ներկայացուցիչները պետք է լինեն Բրյուսելում և փորձեն բանակցել և գտնել, ներկայացնել տարբեր ծրագրեր: Չսպասենք նրան, թե հունվարի 1-ից ԵՏՄ-ն, եթե աշխատեց, որտեղ են մեր սահմանափակումները: Մենք պետք է պահանջատեր լինենք նաև, իրենց հետ գնալու և խնդիրներ բարձրացնելու, որ մենք սպասում ենք այս արձագանքներին», - ասաց ԱԺ պատգամավորը: