Դռան զանգ, տուն մտած ոստիկաններ, բժիշկներ՝ այցի ավարտին, մեկ ամիս հարկադիր բուժում հոգեբուժարանում: Երևանի բնակչուհի, առաջին կարգի հաշմանդամ Ժուլիետա Ամալիկյանը պարզ հիշում է՝ մեկուկես տարի առաջ տեղի ունեցածի բոլոր մանրամասները։
«Առավոտ շուտ՝ ժամը 8-ին, սուրճ դրեցի խմեցի, պառկած էի, մեկ էլ տեսնեմ մի խումբ ոստիկաններ և բժիշկներ եկան, թե արագացրու գնանք փորձաքննության», - «Ազատության»-ը պատմեց Ամալիկյանը։
Թե ինչ է եղել՝ պարզվել է հետո, երբ ոստիկանության փոխարեն կնոջը Ավանի հոգեբուժարան են տարել: Տարեց կինն ասաց՝ ոստիկաններն իրեն բռնի ուժով մեքենա են մտցրել, աստիճաններով վեր բարձրացրել, հետո առանց բժշկի զննության մեկ ամսով փակի տակ պահել։
Եղբոր ընտանիքի հետ ապրող և սեփականության իրավունքի շուրջ տարաձայնություններ ունեցող կինը պնդում է՝ եղբայրը կաշառել է բժիշկներին ու իրավապահներին, որպեսզի միայնակ տնօրինի բնակարանը, քույրն էլ անգործունակ ճանաչվելով՝ զրկվի պահանջներ ներկայացնելու իրավունքից:
«Ինքը զանգել է ոտիկանություն, որ գան ինձ բռնի ուժով տեղափոխեն հոգեբուժարան, որ սենյակը մնա իրեն։ Առողջ նորմալ մարդ եմ. ճիշտ է՝ առաջին կարգի հաշմանդամ եմ, մասնագիտական աշխատանքի խեղում ունեմ, բայց ուղեղի հիվանդ չեմ», - ասաց Ամալիկյանը։
Հատուկ քննչական ծառայությունը օրերս այդ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցել։ Փաստաբան Տիգրան Հայրապետյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ կինն այդպես էլ հոգեբուժարանում կմնար, եթե իր պատմությունը չպատմեր մոնիտորինգի նպատակով հիվանդանոց այնելած Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչներին, որոնք փաստաբան վարձելով՝ ազատել են կնոջը:
«Հենց Ժուլիետան ունեցավ փաստաբան, դիմեցի հոգեբուժական հաստատություն, տարբեր տեղեր բողոքներ ներկայացրեցի, հետո մամուլում հրապարակումներ եղան, աղմուկ բարձրացավ և շատ արագ նրան ասեցին, որ դուք առողջ եք, բայց, ըստ էության, Ժուլիետան որևէ բուժում չի ստացել, մեկ անգամ նրան հարկադրաբար ներարկում են կատարել», - ասաց Հայրապետյանը։
Փաստաբանի խոսքով, Ժուլետա Ամարիկյանին հարկադիր բուժման ենթարկելու եզրակացության մեջ հիմնավոր ապացույցներ նշված չեն։
«Հասել ենք նրան, որ չորս հոգու ստորագրությամբ ամենաառողջ մարդուն հոգեկան հիվանդություն կարող են կպցնել ու տեղափոխել հիվանդանոց», - ասաց փաստաբանը։
Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Տաթևիկ Խաչատրյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ Ժուլիետա Ամալիկյանի դեպքը միակը չէ, և իրավիճակը մտահոգիչ է։
Պաշտպանի տեղակալի խոսքով, հոգեբուժարանում հարկադիր բուժման համար հայտնված անձն այնտեղից դուրս գալու հնարավորություն գրեթե չի ունենում։
Նրա փոխանցմամբ՝ Հայաստանում տարեկան 20-40 մարդ է հոգեբուժարանում հարկադիր բուժման ենթարկվում, սակայն, ետդարձի ճանապարհ են ունենում եզակիները:
Հայտնվելով հոգեբուժարանում հարկադիր բուժման համար՝ անձը, փաստորեն, անազատության մեջ է գտնվում, և նրա ճակատագիրը կախված է լինում միայն մի քանի բժշկի կարծիքից, ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
«Հոգեբուժական ինստիտուտը եթե տոտալիտար ռեժիմներում օգտագործում են որպես պատժիչ բնույթ ընդդիմադիրների և այլախոհների նկատմամբ, ապա հիմա կարող է օգտագործել որպես պատժիչ բնույթ միջանձնային հարաբերությունների կամ սեփականության, կամ այլ բիզնես շահերի տեսակետից», - ասաց Սաքունցը։