Վաչե Գաբրիելյանը նշանակվել է փոխվարչապետ և նորաստեղծ նախարարության ղեկավար

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի երկու առանձին հրամանագրերով Վաչե Գաբրիելյանը նշանակվել է փոխվարչապետ և Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար:

Նախագահի պաշտոնական կայքէջում տեղադրված այս հրամանագրերը ուժի մեջ են մտնում ստորագրման պահից:

Նորաստեղծ Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության կիզակետում կլինեն Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն ինտեգրվելու խնդիրները:

Իշխող Հանրապետականի անդամ, 46-ամյա Գաբրիելյանը ապրիլից զբաղեցնում էր վարչապետ Հովիկ Աբրահամյանի խորհրդականի պաշտոնը, իսկ մինչ այդ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարն էր։ Գաբրիելյանը 2010-2013 թ.թ. Հայաստանի ֆինանսների նախարարն էր։