Դատախազությունը վերացրել է «Ա1+»-ի լրագրողի դեպքով գործը կարճելու ՀՔԾ որոշումը

Ազգային ժողովի շենքի դիմաց լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու պատճառ դարձած պաստառը

Հայաստանի գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերի քննության վարչության որոշմամբ վերացվել է «Ա1+» հեռուստաընկերության լրագրող Մարինե Խաչատրյանի մասնագիտական գործունեությունը խոչնդոտելու կապակցությամբ հարուցված քրեական գործը կարճելու մասին Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) որոշումը:

«Նախաքննական մարմինը՝ ՀՔԾ-ն, նախաքնությունն իրականացրել է դատավարական կոպիտ խախտումներով, մասնավորապես, անձին` Մարինե Խաչատրյանին տուժող ճանաչելու համար բավարար հիմքերի առկայության պայմաններում վերջինիս տուժող չի ճանաչել, որի հետևանքով Մ. Խաչատրյանին զրկել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 59-րդ և 247-րդ հոդվածներով նախատեսված իրավունքներից օգտվելու հնարավորությունից», - ասված է Գլխավոր դատախազության այսօրվա հաղորդագրությունում:

Դատախազության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունը, «ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 4-րդ մասով և 53-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով, որոշում է կայացրել վերացնել քրեական գործով քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին ՀՀ հատուկ քննչական ծառայության որոշումը», - նշված է հաղորդագրությունում:

Քրեական գործը վերադարձվել է Հատուկ քննչական ծառայությանը՝ նախաքննություն իրականացնելու համար: Վարույթն իրականացնող մարմնին հանձնարարվել է Մարինե Խաչատրյանին քրեական գործով ճանաչել տուժող՝ պարզաբանելով Քրեական դատավարության օրենսգրքի 59-րդ և 247-րդ հոդվածներով նախատեսված տուժողի իրավունքները և պարտականությունները, այդ թվում՝ Քրեական դատավարության օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված իրավունքը՝ «փորձագետի եզրակացության հետ համաձայն չլինելու դեպքում միջնորդել, որ նշանակվի լրացուցիչ կամ կրկնակի փորձաքննություն», փոխանցում է Գլխավոր դատախազությունը:

Հիշեցնենք՝ մոտ մեկուկես ամիս առաջ էլ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը վերացրել էր ՀՔԾ-ի որոշումը Ազգային ժողովի Բաղրամյան փողոցի մուտքի մոտ լրագրող Մարինե Խաչատրյանի և Ազգային ժողովի անվտանգության ծառայության պետ Կարեն Հայրապետյանի միջև տեղի ունեցած միջադեպի փաստով քրեական գործ հարուցելը մերժելու մասին։ Դրանից հետո հարուցված քրեական գործը, այդուհանդերձ, ՀՔԾ-ն այս շաբաթ կարճեց՝ Հայրապետյանի արարքում հանցակազմի բացակայության հիմքով։