Հարձակման է ենթարկվել Նախախորհրդարանի անդամը

Your browser doesn’t support HTML5

Գևորգ Սաֆարյանը ուղեղի ցնցում է ստացել, ասում է՝ իրեն ետևից են հարվածել, հարձակվողների դեմքը չի տեսել։

Հինգշաբթի երեկոյան Խանջյան-Թումանյան փողոցների խաչմերուկում հարձակման ենթարկված Նախախորհրդարանի անդամ, ակտիվիստ Գևորգ Սաֆարյանը ուղեղի ցնցում է ստացել։ Նա այժմ գտնվում է սուրբ «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում՝ բժիշկների հսկողության տակ։

Դեպքից մոտ երկու ժամ անց տեղում աշխատում էին ոստիկանության քրեական փորձագետները։ Ոստիկանության լրատվական ծառայությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ հետաքննություն են սկսել։

Հիվանդանոցում գտնվող Սաֆարյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ իրեն ետևից են հարվածել, հարձակվողների դեմքը չի տեսել։

«Նախախորհրդարանի գրասենյակից դուրս եմ եկել, քայլել եմ դեպի Խանջյան փողոց՝ Խանջյան-Թումանյան խաչմերուկի կանգառ, այնտեղ հասնելուց հետո հետևիցս, ամենայն հավանականությամբ, բութ գործիքով հարված եմ ստացել, ընկել եմ գետին՝ կիսաուշաթափ վիճակում, մի քանի հարված էլ այդտեղ եմ ստացել։ Հետո հիշում եմ, որ նորից հայտնվել եմ Նախախորհրդարանի շենքում։ Ոնց եմ եկել, բերել են, թե եկել եմ, չեմ հիշում, ինչից հետո «Շտապ օգնության» մեքենայով տեղափոխել են հիվանդանոց»,- պատմեց Սաֆարյանը։

Նախախորհրդարանը միջադեպի առնչությամբ հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ տեղի ունեցածը կարող են որակել որպես մահափորձ և կոչ են անում ոստիկանությանը բացահայտել այս միջադեպը։

Գևորգ Սաֆարյանի կարծիքով՝ հարձակումը քաղաքական դրդապատճառներ ունի, և այն ուղված է ոչ միայն իր՝ այլև Նախախորհրդարանի դեմ։

«Հարձակումների պատճառը Նախախորհրդարանին և անհատ անձանց, օրինակ, ինձ, վախեցնելն է, հանրությանը վախեցնելը, որ «եթե դուք միանաք Նախախորհրդարանին, կլինի նույնը, եթե միանաք ավտոերթին, ձեր մեքենաները կվառեն»։ Այսինքն՝ վախի մթնոլորտ, ռեժիմի ձեռագիրն է, միշտ էլ այսպես են վարվել։ Եթե հիշում եք, մի քանի ամիս առաջ երիտասարդներին ուղղակի փողոցներում ծեծում էին, ովքեր քաղաքապետարանի դիմաց էին լինում։ Ռեժիմի ձեռագիրն է, որը փորձում է ահաբեկել մարդկանց»,- ակտիվիստը։

Վերջին օրերին Երևանում հրկիզվել են 7 մեքենաներ. դրանք գրեթե բոլորը Նախախորհրդարանի անդամներն են պատկանում։ Նախախորհրդարանում համարում են, որ իրենց ակտիվիստի վրա հարձակումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ հարձակումները ծրագրավորված են, ունեն քաղաքական շարժառիթ և ուղղված են «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման դեմ։

Թեև ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում, բայց Գևորգ Սաֆարյանը ակնկալիքներ չունի.- «Ոստիկանությունը փաստացի կհարուցի քրեական գործը, բայց ակնհայտորեն դրա արդյունքը կլինի զրո, որովհետև պարզ է, թե ովքեր են նման հանցագործություններ կատարողները կամ նրանց հետևում ովքեր են կանգնած։ Մեր երկրում ոստիկանությունը նման իշխանություն չունի, որ ռեժիմի դեմ գնա։ Ոստիկանությունը փաստացի ռեժիմի մի մասն է։ Ուղղակի կանցկացվի հետաքննություն, ոչ մեկին չեն գտնի կամ ինչ-որ մի հիմարի կգտնեն ինչ-որ մի տեղ։ Ինչպես միշտ»,- ասաց նա։

Ի դեպ, Թումանյան-Խանջյան փողոցների խաչմերուկում, որտեղ տեղի է ունեցել հարձակումը, մի քանի տեսախցիկներ կան։