Երևանում հրկիզում են ընդդիմադիրների և քաղաքացիական ակտիվիստների մեքենաները

Your browser doesn’t support HTML5

Վերջին երկու օրվա ընթացքում երևանյան տարբեր բակերում և փողոցներում այրվել է ընդդիմադիր գործիչների ու ակտիվիստների վեց մեքենա, հրկիզման յոթերորդ փորձը չի հաջողվել: Բացառությամբ մեկի, մյուս մեքենաները «Նախախորհրդարան»-ի անդամներինն են: Նրանք այսօր հավաքվել էին ոստիկանության առջև:

Վարդան Հակոբյանը, ում մեքենան ևս այս գիշեր հրկիզվել է, հստակ տեսնում է՝ գործել է հանցավոր բանդա՝ թողնելով նույն ձեռագիրը․ - «Այրել են հետևի անիվները, իսկ Կարո Եղնուկյանի մեքենան, քանի որ դիմացից են փորձել այրել, գետնի վրա հեղուկ լցնելով, չի ստացվել օպերացիան: Ընդ որում, մեկը եղել է երեկ առավոտյան հենց Ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց, մյուսը այսօր ամբողջովին այրվել է Կենտրոնի ոստիկանության շենքի դիմաց, մնացածը եղել են բակերում»:

Վեց մեքենաների վրա էլ փակցված է եղել «Նախախորհրդարանի» տարբերանշանն ու «100-ամյակն առանց ռեժիմի» կարգախոսը: Այրված յոթերորդ ավտոմեքենան քաղաքացիական ակտիվիստ Կարեն Հարությունյանինն է: Նա մասնակցել է Մաշտոցի պուրակի փրկության, տրանսպորտի թանկացման դեմ ակցիաներին: Սա Հարությունյանի մեքենան վնասելու առաջին փորձը չէ՝ անցած տարի նույն բակում անհայտ անձինք դիմապակին էին կոտրել:

Վարդան Հակոբյանը պատմեց, որ այրվող նյութով փաթաթված փայտը միտումնավոր դրված է եղել մեքենայի հետևի անիվների վրա, որպեսզի գազի բալոնի կամ բենզաբաքի միջոցով հրդեհ առաջանա՝ այրելով ոչ թե մի հատված, այլ ողջ մեքենան․ - «Գազելի մի վարորդ կանգնել էր, և ամբողջ ձայնով բղավելով՝ ուղղակի ջրով հանգցնում էր: Ես մինչև իջա՝ արդեն հանգցրել էր կրակը: Հանգած չլիներ՝ բեռնախցիկում գտնվող գազի բալոնը, որը լրիվ լիցքավորված էր, ուղղակի պայթելու էր: Եվ պայթելու էր բնակելի շենքին կից»:

Բոլոր միջադեպերը տեղի են ունեցել գիշերը ժամը 4-ից 6-ն ընկած հատվածում:

Վարուժան Ավետիսյանը հարևանից է իմացել, որ մեքենան այրվում է: Նա հիշեցրեց՝ այս մեքենաները մասնակցել են «100-ամյակն առանց ռեժիմի» կարգախոսով ավտոերթերին, վերջինն այս կիրակի էր:

«Հայաստանում ամեն ինչ գտնվում է խանական ռեժիմի տոտալ վերահսկողության ներքո: Բնականաբար, մենք պետք է բացառենք, որ գործ ունենք ինչ-որ մասնավոր անձի ինքնագործունեության հետ: Կազմակերպիչը ռեժիմն է, որը սերտաճած է քրեական էլեմենտի հետ», - ասում է Ավետիսյանը:

Գագիկ Սարուխանյանը շարունակում է՝ առանց իրավապահների իմացության և նույնիսկ աջակցության, այս հանցագործությունը հնարավոր չէր լինի իրականացնել:

«Հատուկ ծառայությունները, որոնք կարող են հստակ տվյալներ ասել՝ պետհամարանիշերով, ով՝ որտեղ է ապրում, կանգնեցնում․․․ դա հետախուզել են մեկ-երկու օր, տվյալը տվել են, և նույն ժամին կատարել են գործողություն», - ասում է նա:

Ոստիկանությունում այս սցենարը բացառում են, մամուլի խոսնակ Աշոտ Ահարոնյանն ասաց՝ աբսուրդ է:

Թեև տուժողները դիմել են ոստիկանություն, քրեական գործ առայժմ չի հարուցվել՝ իրավապահները դեռ ուսումնասիրում են նյութերը:

«Հանգամանքները պարզվում են, այդ բոլոր գործերի քննությունը, այս պահին կատարվող աշխատանքները ոստիկանության պետի անմիջական հսկողության տակ են: Հավաստիացնում եմ, որ կարճ ժամանակում մենք կունենանք արդյունքներ», - ասում է Ահարոնյանը:

Գագիկ Սարուխանյանը հակադարձում է՝ այդպիսի արդյունքներ տեսել են Շանթ Հարությունյանի, Վոլոդյա Ավետիսյանի գործերով: «Նախախորհրդարանը» տեղի ունեցածը որակում է տեռոր:

«Այսինքն, այս ռեժիմը ցանկացած ընդվզող քաղաքացու անմիջապես ուզում է սաստի», - ասում է Վարդան Հակոբյանը:

Պատճառված վնասը Վարուժան Ավետիսյանն ու Վարդան Հակոբյանը յուրաքանչյուր ավտոմեքենայի դեպքում գնահատում մոտ կես միլիոն դրամ, վստահ են՝ հանցագործությունները չեն բացահայտվելու, մեքենաներից մեկն այրվել է ոստիկանության, մյուսը՝ Ազգային անվտանգության ծառայության շենքի առջև:

«Հերթապահները չե՞ն տեսել, որ իրենց շենքի դիմաց մեքենա է այրվում», - հարցնում են նրանք: