Արևելյան գործընկերության անդամներին «պետք է տարբերակված մոտեցում ցուցաբերել»

Your browser doesn’t support HTML5

Արևելյան գործընկերության անդամներին «պետք է տարբերակված մոտեցում ցուցաբերել»

Մոտ մեկ ամսից Եվրամիության նախագահությունը ստանձնող Լատվիան խոստանում է տարբերակված մոտեցում ցուցաբերել Արևելյան գործընկերության ծրագրին մաս կազմող վեց պետություններին:

Այս մասին Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգար Ռինկևիչսը հայտարարեց երեկ Թբիլիսիում իր վրաց պաշտոնակցուհու` Թամար Բերուչաշվիլիի հետ համատեղ ասուլիսի ընթացքում:

«Իմ կարծիքով՝ մենք նախ և առաջ պետք է տարբերակենք մեր արևելյան գործընկերներին: Հստակ է, որ Վրաստանն ու Մոլդովան այս ծրագրի առաջատարներն են: Այդ իսկ պատճառով մենք համոզված ենք, որ այս երկու երկրներին Արևելյան գործընկերության հաջորդ՝ Ռիգայում կայանալիք գագաթաժողովի ընթացքում պետք է ճանապարհային քարտեզ առաջարկվի, որը կվերաբերի Եվրամիության հետ առավել խորը և լայնամասշտաբ համագործակցությանը: Մենք, իհարկե, ցանկանում ենք նաև Ուկրաինայի համար օժանդակության լուրջ մի փաթեթ մշակել, չհաշված այդ երկրի համար նախատեսված ճանապարհային քարտեզը: Մեր ցանկությունն է նաև շատ ճկուն հարաբերություններ ունենալ Արևելյան գործընկերության մյուս երեք պետությունների` Բելառուսի, Ադրբեջանի և Հայաստանի հետ»,- հայտարարեց Լատվիայի արտգործնախարարը։

Արևելյան գործընկերության հաջորդ գագաթաժողովը կայանալու է 2015 թվականի մայիսին Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում: Էդգար Ռինկևիչսի խոսքով՝ լատվիական դիվանագիտության նպատակն է, որպեսզի առաջիկա համաժողովի առանցքային թեմաներից մեկը դառնա Արևելյան գործընկերության պետություններից մի քանիսի՝ նախ և առաջ Վրաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման թեման:

«Միանշանակ է՝ մենք ցանկանում ենք, որ Ռիգայի գագաթաժողովը դառնա վիզային ռեժիմի ազատականացման գագաթաժողով այն պետությունների համար, որոնք համապատասխանում են Եվրամիության չափանիշերին: Այժմ անհրաժեշտ է, որպեսզի Եվրոպական հանձնաժողովը հանդես գա իր եզրակացությամբ: Եվ եթե բոլոր խնդիրները լուծված լինեն և առկա լինի հանձնաժողովի դրական եզրակացությունը, մենք կանենք ամեն ինչ, որպեսզի Ռիգայի գագաթաժողովի ընթացքում վիզային ռեժիմի ազատականացման քաղաքականությունը կյանքի կոչվի»,- ասաց լատվիական դիվանագիտական գերատեսչության ղեկավարը:

Ռինկևիչսը, սակայն, հատուկ ընդգծեց, որ խոսքը Արևելյան գործընկերության ծրագրում ընդգրկված միայն մի քանի պետությունների մասին է:

«Խոսքը Վրաստանի մասին է, հուսով ենք՝ նաև Ուկրաինայի հետ վիզային ռեժիմի ազատականացման դիմել: Լուրջ ցանկություն ունենք, որպեսզի նույնը լինի նաև Բելառուսի պարագայում: Ճիշտ է՝ Բելառուսը փոքր ինչ ուշացումով է ձեռնամուխ եղել նախապատրաստական աշխատանքների մեկնարկին, բայց և այնպես նրանք բավական լավ առաջընթաց են արձանագրել»,- ասաց Լատվիայի արտաքին գործերի նախարարը: