Սեյրան Օհանյան. Ուղղաթիռի խոցման փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել

Your browser doesn’t support HTML5

Պաշտպանության նախարարի խոսքով, ուղղաթիռի խոցումն անպատասխան չի մնալու։

Խոցված ուղղաթիռի անձնակազմի դիերը վերադարձնելով՝ Մի-24-ի գործը դեռ ավարտված չէ. կա երեք զոհ, Պաշտպանության նախարարությունը միայն ծառայողական քննությամբ չի սահմանափակվի, «Ազատությանն» ասաց նախարար Սեյրան Օհանյանը։

«Ծառայողական քննություն, միաժամանակ դրան զուգահեռ նաև քրեական գործ է հարուցված, որովհետև յուրաքանչյուր այդպիսի դեպք, որը բերում է մարդկանց կյանքերի կորստի, երկկողմանի՝ և՛ հրամանատարների, և՛ իրավապահ մարմինների կողմից համապատասխան աշխատանք են իրականացնում։ Աշխատանքի արդյունքում արդեն իսկ երկու կողմերի մասնագետներն իրենց գնահատականը կտան, և համապատասխան ելքը կգտնվի», - ասաց պաշտպանության նախարարը։

«Ազատության» հարցին՝ թե ի՞նչ նոր փաստեր ջրի երես դուրս կգան զինվորականների ու իրավապահների համատեղ քննության արդյունքում, և հնարավո՞ր է արդյոք, որ քրեական պատասխանատվության ենթարկվեն հրամանատարական կազմի անդամներ, Օհանյանը պատասխանեց, որ քննությունը բոլոր հարցերին սպառիչ պատասխաններ կտա՝ միաժամանակ ընդծելով՝ ուղղաթիռը մասնակցել է վարժանքների, թռիչքուղին էլ անձնակազմին անծանոթ չի եղել։

«Այդ նույն ուղիով նրանք իրականացրել են թռիչք, պարզապես այս անգամ հակառակորդի այդ դավադրանքի արդյունքում խոցվել է այդ ուղղաթիռը», - ասաց Օհանյանը։

Երեկ նա հայ զինվորներին ճանապարհելով խաղաղապահ առաքելության՝ ընդգծեց՝ ուղղաթիռի խոցումն անպատասխան չի մնալու։

Այսուհետ 32 հոգանոց հայկական անձնակազմն իր ներդրումը կունենա Լիբանանում խաղաղության պահպանման գործում։

«Զվարթնոց» օդանավակայանում հայ խաղաղապահներին հանդիսավոր ճանապարհ դնող Սեյրան Օհանյանն անկեղծացավ՝ այս պահին երկար են սպասել։

Տեղանքը նոր է, առաքելությունը՝ ոչ։ Իտալական զորախմբի հետ ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող «Լիբանանում Միացյալ Ազգերի Կազմակերպության ժամանակավոր ուժեր» (ՅՈւՆԻՖԻԼ) ծրագրում ըդգրկված բոլոր հայ զինվորականներն արդեն մի քանի անգամ հասցրել են ռազմական ամենատարբեր իրադարձությունների կիզակետում լինել։

Մեկ անգամ Աֆղանստանում, 2 անգամ էլ Կոսովոյում խաղաղապահ զորքերում տասը տարվա փորձ ունեցող Հմայակ Մարգարյանը առաքելության դժվարությունների մասին չի խոսում։

«Որպես հայ, որպես հայ ազգի զինծառայող, մեկս մյուսին մաղթում ենք բարի ծառայություն, ու շարունակում ենք մեր ծառայությունը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մարգարյանը։

Լիբանանը հայաշատ երկիր է, բայց անձնակազմի նպատակն ավելի ընդգրկուն է. իսրայելալիբանանյան սահմանին հայ տղաները անցակետում կպահպանեն յուրաքանչյուրի անվտանգությունը։

«Շատ ուրախ եմ, քանի որ հենց ես էլ եմ կարողանում իմ մասնիկն ունենալ ընդհանրապես երկրագնդում կատարվող խաղաղության մեջ», - ասաց սերժանտ Սիմոն Բաբայանը։

Հայաստանը ՄԱԿ-ի հետ համատեղ մարդասիրական առաքելություն է իրականացնում 2004 թվականից։ Ներկայումս հայ զինվորականներն առաքելություններ են իրականացնում Աֆղանստանում և Կոսովոյում: