Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր հայտարարել է, թե ընդունում է ոչ իշխանական եռյակի առաջարկը՝ համամասնական ընտրակարգի անցնելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցերը քննարկելու վերաբերյալ:
Իշխող Հանրապետական կուսակցության Գերագույն մարմնի նիստից առաջ լրագրողների հարցին, թե պատրաստվո՞ւմ են արդյոք քննարկել ոչ իշխանական եռյակի՝ Հայ ազգային կոնգրեսի, «Բարգավաճ Հայաստանի» ու «Ժառանգության» պահանջը հարյուր տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ, վարչապետը դրական պատասխան է տվել ու ընդգծել, թե Կառավարությունը արդեն իսկ համաձայնել է դրան և կառուցողական է տրամադրված:
Հիշեցնենք՝ անցած շաբաթ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ոչ իշխանական եռյակի կողմից ներկայացված 12-կետանոց պահանջների շուրջ քննարկումների պատրաստակամություն էր հայտնել՝ ընդգծելով, թե այդ 12 կետերից շատերը նոր չեն. դրանց Կառավարությունը հրապարակայնորեն անդրադարձել կամ իրականացրել է:
Եռյակը, սակայն, մերժել էր Աբրահամյանի այս առաջարկը, նշելով, թե 12 կետերի շուրջ իմիտացիոն քննարկումների փոխարեն առաջիկայում նախատեսում են հրավիրել արտահերթ նիստ՝ Ընտրական օրենսգրքում բարեփոխումներ կատարելու, մասնավորապես, մեծամասնական ընտրակարգը վերացնելու և ընտրություններին մասնակցած քաղաքացիների ցուցակները հրապարակելու հարցի շուրջ: