ԵՏՄ-ին ընդառաջ՝ հայ գործարարներին մտահոգում է արտահանվող ապրանքի սերտիֆիկացումը

Հայաստան-ծխախոտի գործարան, արխիվ

Օրինակ՝թեթև արդյունաբերության մասով Հայաստանը դեռ լաբորատոր վերազինման խնդիր ունի։

Հայ գործարարները մտահոգված են՝ թեև քիչ ժամանակ է մնացել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությանը, սակայն բազմաթիվ հարցերի պատասխաններ իրենք առայսօր չունեն:

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը գործարարների և էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր քննարկում էր կազմակերպել, որի ժամանակ էլ հայաստանցի գործարարները բարձրաձայնեցին իրենց մտահոգությունները:

ԵՏՄ-ի անդամ դառնալուց հետո հայաստանցի գործարարները իրենց արտադրանքը պետք է համապատասխանեցնեն միության տեխնիկական պահանջներին և ստանան համապատասխան սերտիֆիկատ, սակայն այսօր քննարկման ընթացքում պարզվեց, որ որոշ ապրանքատեսակների համար նման սերտիֆիկատներ տրամադրող լաբորատորիաներ Հայաստանում չկան։

Օրինակ՝ տեքստիլ արդյունաբերության ոլորտը ներկայացնող մի կին գործարար հարց բարձրացրեց՝ եթե հունվարի 1-ից Հայաստանը դառնում է ԵՏՄ-ի անդամ, և իրենք ցանկանում են իրենց արտադրանքն արտահանել միության այլ երկրներ, ի՞նչ են իրենք անելու և արդյո՞ք Հայաստանի իշխանությունները կհասցնեն մինչև հունվարի 1-ը ստեղծել համապատասխան լաբորատորիա։

«Թեթև արդյունաբերության ոլորտի արտադրանքը մինչ այսօր չուներ տեխնիկական կանոնակարգ։ Եվրասիական տնտեսական միության պարտադիր պահանջ է, որ դա տեխնիկական կանոնակարգով կանոնակարգվելու է։ Մենք կոնկրետ թեթև արդյունաբերության մասով լաբորատոր վերազինման խնդիր ունենք », - պատասխանեց Էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը։

Փոխնախարարն ասաց՝ թեթև արդյունաբերության մասով աշխատանքներ իրականացվել են և արդեն Հայաստանն ունի լաբորատորիա, բայց պետք է «ԵՏՄ տեխնիկական կանոնակարգը սկսի գործել, որպեսզի այդ կանոնակարգին համապատասխան գնահատող լաբորատորիա ձևավորվի»։

«Ունենք համապատասխան սարքավորումներ և լաբորատորիա, որը, կոպիտ ասած, սպասում է, երբ որ կգործի տեխնիկական կանոնակարգը, և այդ տեխնիկական կանոնակարգի համապատասխանությունը ստուգելու հայտով կներկայացնի հավատարմագրման։ Հավատարմագրման գործընթացը մաքսիմալ արագ կիրականացվի, բայց որոշակի վակուում կլինի», - ասաց Էմիլ Տարասյանը։

Ձկնաբուծությամբ զբաղվող և ռուսաստանյան շուկա արտահանում իրականացնող գործարար Արկադի Գևորգյանի հարցին, թե արդյո՞ք Հայաստանի Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տրամադրած թույլտվությունը անցնելու է, օրինակ, Ռուսաստանում, Էմիլ Տարասյանը պատասխանեց. - «Նախ վարվելու է փորձարկման լաբորատորիաների և սերտիֆիկացման մարմինների ռեեստեր, որոնց կողմից տրված սերտիֆիկատները պարտադիր ճանաչվելու են ԵՏՄ-ի երկրներում, ինչպես նաև սահմանի վրա»։

Գործարարի դիտարկմանը, թե արդեն գործող միության մեջ սննդամթերք արտադրող բելառուսական 11 ձեռնարկությունների «Ռոսսելխոզնադզոր»-ը արգելել է արտադրանք բերել Ռուսաստան, իսկ այդ ձեռնարկությունները, բնականաբար, նույն կանոնակարգով սերտիֆիկացվել են, փոխնախարարն այսպես արձագանքեց. - «Եթե ապրանքը Հայաստանի Հանրապետության ծագման է և սերտիֆիկացված է տեխնիկական կանոնակարգերին համապատասխան, որևիցե խնդիր արտահանման ժամանակ չպետք է լինի»։