Երևանի Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնում վաղը տեղի կունենա Հայաստանի ժողովրդական արտիստուհի Վիոլետ Գևորգյանի ծննդյան 70-ամյա հոբելյանի բեմականացված հանդիսությունը, որի հեղինակն է Վահե Շահվերդյանը և որը կազմակերպել է Մշակույթի նախարարությունը:
Այսօր հրավիրած ասուլիսին դերասանուհին վերհիշում էր իր անցած ուղին, կերտած կերպարները, պատմում էր, որ Միացյալ Նահանգներում էլ բազմաթիվ ներկայացումներով է հանդես եկել, բայց այնտեղ այնքան էլ հեշտ չէ, ասում էր:
«Մի օր որ ներկայացում չէի ունենում, հիվանդ պառկում էի», - պատմում էր նա:
«Ազատության» հարցին, թե ինչո՞ւ, ուրեմն, այսքան տարի հետո էլ չի վերադառնում, Վիոլետ Գևորգյանը պատասխանեց․ - «Այնտեղ թոշակ եմ ստանում, ինձ համար ապրում եմ»:
Հետո հավելեց, որ չեն հրավիրում՝ այդ իսկ պատճառով չի գալիս:
«Ես կարծում եմ ոչ միայն ես, այլ Հայաստանում բազմաթիվ թատրոններ գտնում են դրա անհրաժեշտությունը, բայց Վիոլետան ինքը չի գտնում», - իր հերթին մեկնաբանեց Վահե Շահվերդյանը, - «Ավելին ասեմ, դա, ի վերջո, լուծվելու է ոչ թե Վահե Շահվերդյանի, կամ Արմեն Խանդիկյանի, կամ Եվրանդ Ղազանչյանի միջոցով: Այդ հրավերը պետք է պետությունը, կառավարությունը ուղարկի»: