Դեսպանները՝ խոցված ուղղաթիռի մասին

Your browser doesn’t support HTML5

Հայաստանում հավատարմագրված 4 դեսպաններ այսօր առաջին անգամ թվիթերյան ասուլիս են նախաձեռնել: ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթի Լիչը, Լիտվայի դեսպան Էրիկաս Պետրիկասը և ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան մեկ ժամ օնլայն ռեժիմով պատասխանել են Թվիթեր միկրոբլոգային ցանցի օգտատերերի հարցերին:

Դեսպաններին ուղղված հարցերը հիմնականում վերաբերել են նոյեմբերի 12-ին ղարաբաղյան ռազմական ուղղաթիռի խոցմանը, միջազգային հանրության հասցեին հնչեցված քննադատություններին, Ադրբեջանի պահվածքին, որն այդպես էլ թույլ չտվեց մոտենալ զոհված օդաչուների մարմիններին, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերություններին և Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի ապագային:

Մասնավորապես, պատասխանելով «Ազատության» այն հարցին, թե ինչո՞ւ էր ուղղաթիռի խոցման միջադեպի հետ կապված միջազգային հանրությունը հավասարության նշան դրել կողմերի միջև՝ խուսափելով քննադատել Ադրբեջանին, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնն արձագանքել է․ - «Համանախագահները կոչ են արել Բաքվին թույլ տալ վերցնել զոհված օդաչուների մարմինները, իսկ Երևանին՝ լիարժեքորեն համագործակցել»:

Պատասխանելով «Ազատության» մեկ այլ հարցին, թե՝ ինչպե՞ս են դեսպանները գնահատում այն փաստը, որ Ադրբեջանը հրաժարվում էր թույլ տալ մոտենալ խոցված ուղղաթիռի օդաչուների մարմիններին, արդյո՞ք դատապարտում են Ադրբեջանի պահվածքը, Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթի Լիչը պատասխանել է․ - «Մենք մեր աջակցությունն ենք հայտնել համանախագահների հայտարարությանը, որը կոչ էր անում որքան հնարավոր է շուտ մարդասիրական միջանցք բացել, ինչպես նաև աջակցել ենք Կարմիր խաչի միջազգային կոմիտեին»:

Շարունակելով թեման, օգտատերերից մեկը հետևյալ հարցադրումն է արել․ հաշվի առնելով այն, որ Ադրբեջանը անտեսում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունները, ինչո՞ւ է Մինսկի խումբը հայտարարություններ անում, միևնույն է դրանք որևէ արդյունք չեն տալիս:

Այս հարցին արձագանքել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ով, մասնավորապես, ասել է․ - «Կողմերը իրենք պետք է խնդրի կարգավորման ուղղությամբ քաղաքական կամք ցուցաբերեն: ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը ընդամենը միջնորդ է»:

Օգտատերերից մեկն էլ, ընդգծելով, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում վստահության ամրապնդմանն ուղղված քայլերը Միացյալ նահանգների առաջնահերթություններից են, հարցնում է՝ կարո՞ղ եք կոնկրետ նշել ինչ քայլերի մասին է խոսքը, ինչին ԱՄՆ դեսպանը պատասխանել է․ - «Համանախագահները կոչ են անում կողմերին ձեռնպահ մնալ ռազմական հռետորաբանությունից և պրովոկացիոն քայլերից: Բացի այդ, ԱՄՆ-ը աջակցում է ԵԱՀԿ-ի կողմից սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծմանը»:

Դեսպանները թվիթերյան ասուլիսում անդրադառնում են նաև Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությանը: Պատասխանելով «Ազատություն» այն հարցին, թե ի՞նչ է սպասում Հայաստանին Եվրասիական տնտեսական միությունում՝ հաշվի առնելով արևմուտքի պատժամիջոցները Ռուսաստանի դեմ, արդյո՞ք դա կազդի Հայաստանի տնտեսության վրա, Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթի Լիչը պատասխանում է․ - «Բազմաթիվ հարցականներ կան բոլորի համար, բայց կարևոր է, որպեսզի Հայաստանը շարունակի տնտեսական բարեփոխումները և ներդրումների համար գրավիչ միջավայր ստեղծի»:

Նույն թեմայի շուրջ մեկ այլ օգտատիրոջ հարցին պատասխանում է ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը․ - «Պատժամիջոցները Հայաստանի դեմ չեն ուղղված: Ռուսաստանը գիտի, թե ինչ պետք է անի, որպեսզի դրանք դադարեցվեն: Հասկանալի է, որ Հայաստանի և Ռուսաստանի տնտեսությունները փոխկապակցված են: Սա արևմուտքի հետ համագործակցությունը շարունակելու ևս մեկ պատճառ է՝ տնտեսությունը դիվերսիֆիկացնելու և նոր հնարավորություններ ստեղծելու համար»:

Թվիթերյան ասուլիսում չշրջանցվեցին նաև հայ-թուրքական հարաբերությունները: Պատասխանելով «Ազատության» այն հարցին, թե արդյո՞ք դեսպանները Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին հայ-թուրքական հարաբերություններում զարգացումներ ակնկալում են և դրանց ուղղությամբ կոնկրետ ի՞նչ քայլեր են նախատեսում, Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան պատասխանում է․ - «Եվրամիությունը աջակցում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը՝ առանց նախապայմանների»:

Նույն հարցին Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթի Լիչ արձագանքում է․ - «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը կարևոր է ողջ տարածաշրջանի համար: Մեծ Բրիտանիան աջակցում է երկու երկրների միջև փոխանակման ծրագրերին, մեդիա նախաձեռնություններին: Հուսանք հաջորդ տարի կունենանք ավելին »:

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերն էլ ընդգծում է․ - «Մենք աջակցում ենք Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը բոլոր մակարդակներում, մասնավորապես կառավարությունների, հասարակությունների միջև և բիզնեսի ոլորտում: Մենք նաև առաջ ենք մղում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը»: