ՀՔԾ-ն կարճել է «Ա1+»-ի լրագրողի դեպքով քրեական գործը

Միջադեպի պատճառ հանդիսացած պաստառը

Հատուկ քննչական ծառայությունը կարճել է «Ա1+»-ի լրագրողի դեպքով հարուցված քրեական գործը:

«Ա1+» լրատվական կայքի փոխանցմամբ՝ քրեական գործը մերժվել է Կարեն Հայրապետյանի արարքի հանցակազմի բացակայության հիմքով։

«Ա1+»-ը հրապարակել է Հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ, արդարադատության փոխգնդապետ Վ. Գ. Ավետիսյանի որոշման տեքստը. - «Հայաստանի պետական պահպանության ծառայության պահպանության գնդի գումարտակի հրամանատար Կարեն Հայրապետյանի նկատմամբ Հայաստանի քրեական օրենսգրքի 118–րդ հոդվածով, 164-րդ հոդվածի 1-ին մասով, 185-րդ հոդվածի 1-ին մասով և 186-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում չիրականացնել և թիվ 61207214 քրեական գործով վարույթը կարճել՝ վերջինիս արարքում հանցակազմի բացակայության հիմքով»։

Սեպտեմբերի 9-ին «Հակահարված» արթ խմբի անդամները ակցիա էին իրականացրել Ազգային ժողովի գլխավոր մուտքի դարպասների մոտ և «Բարև, Ռոբ» գրությամբ պաստառը փակցրել դարպասներին։ Ազգային ժողովի անվտանգության ծառայության պետ Կարեն Հայրապետյանը նախ պոկել էր դարպասին հայտնված պաստառը, այնուհետեև փորձել էր հրել «Ա1+» հեռուստաընկերության լրագրող Մարինե Խաչատրյանին, ով այդ պահին ակցիան էր նկարահանում։

Խաչատրյանի պնդմամբ՝ թեև ինքը ներկայացել է, որ լրագրող է, սակայն Հայրապետյանը հարվածել է նրա ձեռքին և գցել նկարահանող սարքը։

Ակցիայի մասին ռեպորտաժ նկարահանող լրագրողի հետ կապված միջադեպից հետո ԱԺ անվտանգության ծառայության պետը արդարացել է, որ ոչ թե բռնություն է գործադրել, այլ պարզապես ձեռքով ասել է լրագրողին, որ մի կողմ տանի տեսանկարահանող սարքը։

Հատուկ քննչական ծառայությունը մեկ անգամ արդեն մերժել էր քրեական գործի հարուցումը՝ հանցակազմի բացակայության հիմքով: Սակայն հոկտեմբերի 7-ին Հայաստանի գլխավոր դատախազը վերացրել էր «Ա1+»-ի լրագրողի հետ կապված միջադեպի փաստով քրեական գործ հարուցելը մերժելու մասին՝ Հատուկ քննչական ծառայության որոշումը։