ԿԲ-ն հայտարարում է, որ դրամը գտնվում է կայունացման տիրույթում

Your browser doesn’t support HTML5

Ազատություն»-ը շրջայց կատարեց Գյումրիի բանկեր, պարզվեց՝ տարբեր բանկերում դոլարի փոխարժեքի նկատմամբ մոտեցումը տարբեր էր։

«Դոլար չենք վաճառում, որովհետև չունենք», «Դոլարի առք ու վաճառք իրականացնում ենք, բայց 500 դոլարից ոչ ավելի», «Չվաճառելու ցուցում չենք ստացել», ասացին տարբեր բանկերի աշխատակիցները։

Դոլարի կուրսը ժամ առ ժամ տատանվում է, մարդիկ դրանից անակնկալի են գալիս։ Գյումեցիների կարծիքով՝ դոլարի կուրսի բարձրացումը հերթական խաղ է, որից օգտվում են բանկերը, տուժում՝ սովորական քաղաքացիները։

Դոլարին զուգահեռ որոշակի նաև բարձրացել է ռուսական ռուբլու փոխարժեքը, իսկ դրամը շարունակում է արժեզրկվել. Գյումրիում օրվա կեսին դոլար կարելի էր ձեռք բերել 432 դրամից մինչև 436 դրամի սահմաններում։

Քիչ առաջ Կենտրոնական բանկը հայտարարություն տարածեց՝ պարզաբանմամբ, թե ինչով է պայմանավորված դրամի արժեզրկումը։

«Հայաստանի դրամի փոխարժեքի ճշգրտումը թելադրված է վերջին ժամանակահատվածում տարածաշրջանում և միջազգային ֆինանսական շուկաներում տեղի ունեցած զարգացումներով, և նպաստում է արտահանման մրցունակության բարձրացմանը, տնտեսական աճին, կայուն աշխատատեղերի ստեղծմանը և պահպանմանը, ինչպես նաև բնակչության կողմից ստացվող տրանսֆերտների գնողունակության աճին», - հայտարարել է Կենտրոնական բանկը՝ հավելելով, որ այս պահին շուկայում ձևավորված փոխարժեքը լիարժեք արտացոլում է այդ զարգացումները և գտնվում է կայունացման տիրույթում:

«Հայաստանի կենտրոնական բանկի պահուստները լիովին բավարար են կանխելու փոխարժեքի բոլոր տեսակի արհեստական տատանումները և ապահովելու ֆինանսական կայունությունը», -հայտարարել է Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը։

Հիշեցնենք, վերջին օրերին արձանագրվում է դրամի շարունակական արժեզրկում դոլարի նկատմամբ։ Այսօր տարադրամի փոխանակման կետերում ամերիկյան 1 դոլարը վաճառվել է 430-433 դրամով։