Հայրը ճանաչել է ուղղաթիռից դուրս բերված Ազատ Սահակյանի դին

Ադրբեջանական զինուժի կողմից խփված հայկական Մի-24 ուղղաթիռից անձնակազմից լեյտենանտ Ազատ Սահակյանի հայրը ճանաչել է որդու մարմինը, «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց վերջինիս զարմիկը` Էդգար Հայրապետյանը:

Հիշեցնենք` այսօր ավելի վաղ ՊԲ մամուլի ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, նշելով, որ «մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր»:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, մինչդեռ, հայտարարել էր, թե հայկական զինված ուժերի կողմից խոցված ուղղաթիռի անկման վայրում հատուկ գործողություն իրականացնելու մասին «ամբողջովին հիմնազուրկ է» և պնդել էր, թե հայկական կողմը փորձելու է, սուտ տեղեկատվությունն արդարացնելու համար, այլ մարմիններ ներկայացնել: