Ռուսաստանի կառավարությունը հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու մասին պայմանագրին, հաղորդում է ռուսական ТАСС լրատվական գործակալությունը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին համապատասխան փաստաթուղթը ներկայացնելու մասին որոշումը կայացվել է Կառավարության երեկ կայացած նիստի արդյունքներով: Այն քննելուց հետո երկրի ղեկավարը պետք է Հայաստանի հետ պայմանագիրը ներկայացնի վավերացման:
«Պայմանագրի ուժի մեջ մտնելը կապահովի Հայաստանի Հանրապետության մասնակցությունը Եվրասիական տնտեսական միության գործունեությանը 2015 թվականի հունվարի 2-ից և թույլ կտա սկսել բացառությունների և սահմանափակումների, այդ թվում՝ խոչընդոտների կրճատման, պայմանագրի անդամ պետությունների շուկա ձեռնարկատիրական գործունեության սուբյեկտների փոխադարձ մուտքի գործընթացը», - ասված է որոշման հիմնավորման մեջ:
Ակնկալվում է, որ դա հիմք կստեղծի առևտրատնտեսական և համագործակցային կապերի հետագա զարգացման, ազգային արտադրողների մրցունակության բարձրացման: