Վերջին շրջանում Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ շեշտակիորեն աճել են հակառակորդի կողմից իրականացվող հրադադարի ռեժիմի խախտումները, առավել ինտենսիվ կրակահերթեր են արձանագրվում հատկապես նոյեմբերի 12-ին շփման գծի արևելյան հատվածում՝ թշնամու կողմից խփված հայկական ուղղաթիռի անկման վայրի ուղղությամբ, ասված է Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունում:
Ըստ նույն աղբյուրի՝ միայն նոյեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը նշված հատվածում ադրբեջանական բանակը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 190 անգամ, որից 8-ի դեպքում՝ նռնականետից և խոշոր տրամաչափի այլ զինատեսակներից:
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի առաջապահ ուժերի կողմից ձեռնարկվել և ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ թույլ չտալու համար հակառակորդին մոտենալ ուղղաթիռի անկման վայրին, փոխանցում է Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը՝ վստահեցնելով․ - «Ներկա դրությամբ, ինչպես ուղղաթիռի անկման վայրը, այնպես էլ ողջ առաջնագիծը գտնվում է հայ դիրքապահների մշտական վերահսկողության տակ»: