Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի համոզմամբ՝ Ադրբեջանը շատ ցինիկ վարքագիծ է դրսևորում։ «Ազատության» հետ զրույցում նա նշեց հումանիտար իրավունքի, կոնվենցիաների առկայության մասին` ընդգծելով, որ այդ կոնվենցիաների համաձայն՝ ռազմագերիների հետ պետք է մարդկայնորեն վարվել, ինչը, սակայն, Ադրբեջանն այսօր չի իրականացնում։
«Այս պարագայում այդ դիակները թույլ չեն տալիս հանելու։ Հավանաբար Կասպշիկը գնաց, տեսավ, վերադարձավ այստեղ խոսեց պաշտպանության նախարարի հետ։ ԵԱՀԿ-ի գործող նախագահի ներկայացուցիչն է, կզեկուցի, հավանաբար, իրավիճակը, և կմտածեն՝ ինչ այլ քայլեր կան, որպեսզի պարտադրեն Ադրբեջանին առաջնորդվի միջազգային իրավունքով», - ասաց Արզումանյանը։
Նա նշեց, որ այս ընթացքում շահագրգիռ բոլոր կողմերի հայտարարությունները միտված են խոցված ուղղաթիռի շուրջ անհապաղ հետաքննություն անցկացնելուն և հանգամանքները պարզելուն՝ հավելելով, որ Հայաստանը ևս դրա կողմնակիցն է։
«Մենք էլ ենք դրա կողմնակիցը, Լեռնային Ղարանաղի իշխանություններն էլ են պատրաստ, ուրեմն մնում է, որ ճնշում բանեցվի և բացատրվի Ադրբեջանին, որ միջազգային հանրությունը պահանջում է», - ասաց Արզումանյանը։
Դիտարկմանը, որ հայկական կողմն այս օրերին պատասխան հարվածի մասին է բարձրաձայնում՝ անհրաժեշտությո՞ւն է արդյոք այդ մասին խոսելը, Արզումանյանը արձագանքեց. - «Ես զարմացած եմ. ում խոսացնում եք՝ բացատրում է՝ ինչ թիրախ պետք է ընտրի հայկական կողմը։ Սրանք շատ անպատասխանատու և շատ վտանգավոր դրսևորումներ են։ Ընդհանարապես սա ֆուտբոլի խաղ չէ, սա պատերազմ է, և մենք պետք է գիտակցենք, որ այդ հարցով զբաղվում են պրոֆեսիոնալներ, զբաղվում է բանակը։ Բանակը ձևը կգտնի, վստահ եմ, և պատասխան կտա»։
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վրա ծավալվող իրադարձությունների անմիջական ազդեցությանը՝ Արզումանյանը նշեց, որ հերթական անգամ դրանք խափանվեցին։
«Բայց ամեն անգամ բանակցություններ սկսել, բանակցություններ դադարեցնելը՝ դա նույնպես ինֆորմացիա է, դա նույնպես հնարավորություն է տալիս միջնորդներին հասկանալու՝ ինչն էր պատճառը։ Մենք գիտենք, որ երկու տարի բանակցություններ չկար, ինչի՞ համար՝ որ Ռամիլ Սաֆարովի նման հանցագործին հերոսացնելը բերեց նրան, որ Հայաստանը նախ սառեցրեց իր հարաբերությունները Հունգարիայի հետ և դուրս եկավ գործընթացից», - ասաց նախկին արտգործնախարարը՝ շարունակելով․ - «Նորից ակնհայտ է, չէ՞, որ այսօրվա Ադրբեջանի ղեկավարությունը ասես արբեցած լինի իր նավթով և կարծում է, որ ամեն ինչ կարելի է. նախ՝ ներսում խանության վերածելով Ադրբեջանը և դրսում՝ թքած ունենալով միջազգային իրավունքի նորմերի վրա։ Դա հնարավոր է, կարելի է որոշ ժամանակաշրջանում մարդկանց խաբել, բայց, ի վերջո, դրա համար պատասխան է տրվելու, և այդ պատասխանը լինելու է, կարծում եմ, ճակատագրական իրենց համար»։