Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտում տեղյակ են, որ արգելվել է ԵԱՀԿ-ի ներկայացուցչի այցը ադրբեջանցիների կողմից խոցված հայկական ուղղաթիռի անկման վայր։ Այդ մասին «Ամերիկայի Ձայն»-ի հարցին ի պատասխան ասաց Պետդեպարտամենտի մամուլի հետ կապերի բաժնի ղեկավար Ջեֆ Ռաթկեն։
«Ամերիկայի Ձայն»-ի հարցին՝ տեղեկություններ ունե՞ն արդյոք այն մասին, որ Երևանում Միացյալ Նահանգների դեսպանը ադրբեջանցիների կողմից կործանված հայկական ուղղաթիռի անձնակազմի մարմինները դուրս բերելու հարցով հանդիպում է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարարի հետ, Ռաթկեն պատասխանեց , թե ինքն այդ մասին տեղեկություններ չունի, ու խնդրեց ներկայացնել հարցի բովանդակությունը։ Պետդեպարտամենտում «Ամերիկայի Ձայն»-ի մշտական թղթակիցը նշեց, որ դա էր իր առաջին հարցի էությունը։
Երկրորդ հարցն ուղղելով՝ նա ասաց, որ ԵԱՀԿ-ի պաշտոնյային թույլ չի տրվել այցելել ուղղաթիռի կործանման վայրը։ «Արդյո՞ք այս քայլը պաշտպանում է ԱՄՆ-ը», - հարցրեց թղթակիցը։
«Մենք գիտենք, որ արգելել են ԵԱՀԿ-ի ներկայացուցչի այցը։ Եվ մեր դիրքորոշումը չի փոխվել։ Սա մեկ անգամ ևս հիշեցնում է բոլոր կողմերին Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը խաղաղ լուծում տալու համար ջանքերը կրկնապատկելու կարևորությունը։ Դրանից ավելին ասելու ոչինչ չունեմ», - պատասխանեց ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի հետ կապերի բաժնի ղեկավարը։