Սիրիական ազատ բանակի մարտիկները լքում են մարտադաշտը

Սիրիա - Սիրիական ազատ բանակի մարտիկները գնդակոծում են կառավարական ուժերի դիրքերը, հուլիս, 2014թ․

Առաջացած վակուումը լրացնում են ծայրահեղ իսլամիստները:

Բաշար ալ-Ասադի դեմ կռվող երբեմնի ամենահզոր զինված խմբավորման` Սիրիական ազատ բանակի մարտիկները լքում են մարտադաշտը:

Թուրքական Hurriyet-ի պնդմամբ՝ սիրիացի մոտ 14 հազար ապստամբներ դադարեցրել են պայքարը Հալեպի նահանգում, իսկ սիրիական ընդդիմության չափավոր թևը ներկայացնող այս խմբավորման հրամանատարը ընդհանրապես լքել է Սիրիան:

«Այս պահին Սիրիական ազատ բանակի հրամանատար Ջամալ Մարուֆը Թուրքիայի տարածքում է և գտնվում է թուրքական իշխանությունների պաշտպանության ներքո», - նշում է պարբերականը` վկայակոչելով թուրքական հատուկ ծառայություններից ստացած տեղեկատվությունը:

Սիրիական ազատ բանակի նահանջից հետո առաջացած վակուումը լրացնում են ծայրահեղ իսլամիստները` մասնավորաբար «Իրաքի և Սիրիայի իսլամական պետություն» խմբավորումը և «Ալ-Ղաիդա»-ի սիրիական մասնաճյուղը համարվող «Ջաբհաթ ան-Նուսրան»:

Ստեղծված իրավիճակում պաշտոնական Անկարան լուրջ մտավախություններ ունի, որ չափավոր սիրիացի ընդդիմադիրների նահանջին կհետևի փախստականների նոր հոսքը դեպի Թուրքիայի հարավ-արևելք:

Բացի այդ, Սիրիական ազատ բանակի նահանջը կասկածի տակ է դնում Արևմուտքի կողմից մշակված այն ծրագիրը, որի համաձայն՝ միջազգային ողջ ֆինանսական և ռազմական օգնությունը այսուհետ պետք է հատկացվի չափավոր հայացքներ դավանող սիրիական խմբավորումներին:

Բայց նույնիսկ սիրիացի իսլամիստների հնարավոր ուժեղացման ֆոնին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը շարունակում է պնդել, թե միջազգային հանրության առաջնահերթությունը պետք է լինի Բաշար Ասադի հեռացումն իշխանությունից:

«Ինքնախաբեություն կլինի, եթե մենք կենտրոնանանք բացառապես սիրիացի ապստամբներին զինելու, նրանց համար վարժանքներ կազմակերպելու ծրագրի վրա: Սիրիայում մեզ անհրաժեշտ է այնպիսի մի ծրագիր մշակել, որի թիրախը լինելու է Բաշար Ասադի վարչակազմը», - հայտարարեց Էրդողանը` կասկածի տակ դնելով նաև «Իսլամական պետության» դեմ պայքարող միջազգային ռազմական կոալիցիայի գործունեության արդյունավետությունը:

Էրդողանը ակնարկում է, որ Անկարան կմիանա կոալիցիային միայն Ասադի վարչակազմի դեմ հստակ քայլեր ձեռնարկելու դեպքում: «Միջազգային կոալիցիան մինչ օրս չի դիմել այն քայլերին, որոնց մասին մենք խնդրել էինք: Քանի դեռ դա չի արվել` Թուրքիայի դիրքորոշումն անփոփոխ կմնա», - հայտարարել է նա: