Միջազգային կրթության հաստատության նոր զեկույցի համաձայն, ընթացիկ կրթական տարում ավելի քան 886,000 արտասահմանցի ուսանող է ներգրավված Միացյալ Նահանգների բարձրագույն ուսումնական հաստատություններում, ինչը ութ տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատությամբ և կրկնակի անգամ ավելի՝ մեկ տասնամյակ առաջ գրանցված թվի համեմատությամբ։ Այդ միտումը պայմանավորված է հիմնականում Չինաստանից եկող ուսանողների թվի աճով։
«Միացյալ Նահանգներում շեշտվում է դասարաններում քննարկելու, կարծիք հայտնելու և դասախոսների հետ բանավիճելու կարևորությունը։ Այդ փորձառությունը շատ կարևոր է ինձ համար», - ասում է Էրիք Քսյուն Չինաստանից։
Աճել է նաև Քուվեյթից, Բրազիլիայից, Սաուդյան Արաբիայից և նույնիսկ Իրանից ժամանած ուսանողների թիվը։ Միացյալ Նահանգների ԲՈՒՀ-երում սովորողների ավելի քան չորս տոկոսը արտասահմանից է։ Շատերի կարծիքով, արտասահմանցի ուսանողների ներկայությունը նպաստում է կրթության ոլորտի զարգացմանը և մոտ 4000 համալսարաններ կարող են հավելյալ արտասահմանցի ուսանողներ ընդունել։
Միջազգային կրթության հաստատությունից Ռաջիկա Բհանդարիի խոսքերով, արտասահմանցի ուսանողների առկայությունը հնարավորություն է տալիս ամերիկացի ուսանողներին միջազգային շփումների փորձ ձեռք բերել, հաղորդակցվել այլ պետությունների մշակույթի հետ:
Արտասահմանցի ուսանողների ներկայությունը նպաստում է նաև ամերիկյան տնտեսությանը։
Միացյալ Նահանգների կրթության հարցերով արտգործնախարարի օգնական Էվան Ռայանի խոսքով, կարեւոր է նաև արտասահմանում սովորելը, քանի որ այն ընդլայնում է ամերիկացի ուսանողների գիտելիքները, ինչպես նաև օտար լեզուներ և գլոբալ ըմբռնումներ ձեռք բերելու կարողությունները, որոնք անհրաժեշտ են 21-րդ դարում հաջողության հասնելու համար։
2012-ից մինչև 2013 թվականը մոտ 290,000 ամերիկացի ուսանող սովորել է արտասահմանում։ Ամերիկացի ուսանողների թիվը մեծ է հատկապես Մեծ Բրիտանիայում և Եվրոպայի այլ երկրներում։ Աճում է նաև Լատինական Ամերիկայում և Չինաստանում սովորող ամերիկացիների թիվը։
«Չինաստանում այժմ սովորում է ավելի քան 14,000 ամերիկացի ուսանող», - ասում է Քրիստին Ֆարուջիան Միջազգային կրթության հաստատությունից։
Վերջին տարիներին աճել է ոչ միայն Միացյալ նահանգներում սովորող արտասահմանցիների թիվը, այլ նաև բարձրացրել է աշխարհի այլ երկրների միջև ուսանողների փոխանակման տոկոսը։