Վրաստան-Եվրամիություն ասոցացման համաձայնագիրը Եվրոպական խորհրդարանը կվավերացնի մինչև տարեվերջ: Այս մասին Եվրամիության ղեկավարները հայտարարեցին երեքշաբթի օրը` Բրյուսել ժամանած վրացական պատվիրակության հետ հանդիպման ավարտին:
«Ցանկանում եմ հրապարակավ շնորհավորել վրացական պատվիրակության անդամներին և անձամբ վարչապետ Ղարիբաշվիլիին երեկ Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած քվեարկության առթիվ: Հանձնաժողովը հավանության արժանացրեց Վրաստանի հետ ասոցացման համաձայնագիրը: Կարծում եմ, որ Եվրախորհրդարանի պատգամավորների ճնշող մեծամասնությունը դեկտեմբերին կայանալիք քվեարկության ընթացքում կհետևի հանձնաժողովի անդամների օրինակին»,- Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ երեկ կայացած համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը:
Եվրոպական խորհրդարանի ղեկավարի խոսքով մոտ ապագայում Թբիլիսիի և Բրյուսելի համագործակցության ամենատեսանելի արդյունքը դառնալու է վիզային ռեժիմի կտրուկ ազատականացումը:
«Եվրոպական խորհրդարանը կքննարկի վիզային ռեժիմի հարցը` նպատակ ունենալով այն հնարավորինս արդյունավետ դարձնել կարճաժամկետ հեռանկարում: Դա հնարավորություն կտա արագացված կարգով գործարարների և ներդրողների համար հասանելի դարձնել եվրոպական միասնական շուկան»,- հայտարարում էր Շուլցը:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ Թբիլիսիում հույս ունեն, որ մոտ ապագայում արդեն Եվրամիության երկրների հետ ազատ վիզային ռեժիմ կսահմանվի:
«Եվրամիության հետ ազատ վիզային ռեժիմի սահմանումը իմ երկրի գլխավոր առաջնահերթություններից մեկն է: Կարճաժամկետ կտրվածքով նման ռեժիմի սահմանումը Վրաստանի ընտրած եվրաինտերգման ուղու ամենահրապուրիչ արդյունքներից մեկն է: Դա Վրաստանի քաղաքացիներին շոշափելի օգուտ կպարգևի: Մենք ավարտին հասցրեցինք այդ գործընթացի առաջին փուլը` վիզային ռեժիմի ազատականացման գործողությունների ծրագիրը, ինչը հնարավորություն է տալիս ազատ վիզային ռեժիմ սահմանել Վրաստանի և Եվրամիության միջև անվտանգ ու լավ կարգավորված միջավայրում»,- հայտարարեց Ղարիբաշվիլին:
Երեկ Բրյուսելում կայացավ նաև Եվրամիություն-Վրաստան ասոցացման խորհրդի առաջին նիստը, որի ընթացքում կողմերը չէին կարող շրջանցել նաև վրաց-ռուսական հարաբերությունների թեման: Ղարիբաշվիլիի խոսքով՝ Եվրամիության ղեկավարները բարձր են գնահատում վրացական իշխանությունների զուսպ պահվածքը Մոսկվայի հետ հարաբերություններում: Դա, սակայն, ըստ վրացական կառավարության ղեկավարի չի նշանակում, թե Թբիլիսին պատրաստվում է հետ կանգնել իր սկզբունքային դիրքորոշումներից:
«Մենք կարողացանք ուղղակի երկխոսություն սկսել Ռուսաստանի հետ: Բայց տարածքային ամբողջականության հարցում մենք շարունակելու ենք շատ սկզբունքային դիրքերից հանդես գալ: Որևէ փոխզիջում մեզ համար ընդունելի չէ, քանի որ խոսքը մեր տարածքների մասին է: Ամեն դեպքում մեզ հաջողվել է Ռուսաստանի հետ լարվածությունը հասցնել հնարավոր նվազագույն մակարդակի: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ զգալի առաջընթաց կա Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերություններում, սակայն քաղաքական առումով որևէ առաջախաղացում չկա»,- նկատեց Ղարիբաշվիլին: