Կիպրոսի խորհրդարանի նախագահը «նորօսմանյան» է որակում Թուրքիայի գործելաոճը

Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը ելույթ է ունենում Հայաստանի Ազգային ժողովում, Երևան, 19-ը նոյեմբերի, 2014թ․

Յանակիս Օմիրուն Հայաստանին կոչ է անում Կիպրոսի հետ ընդհանուր ճակատ ձևավորել ընդդեմ Թուրքիայի քաղաքականության:

Հայաստանի և Կիպրոսի փոխադարձ աջակցությունը հիմնված է ամուր հիմքերի վրա: Այդ մասին հայտարարել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուն՝ այսօր ելույթ ունենալով Հայաստանի Ազգային ժողովի նիստի ժամանակ:

Այդ փոխադարձ աջակցությունը «կոփվել է համատեղ պայքարներով մեր ժողովուրդներին մինչ օրս տառապանքի ենթարկող ընդհանուր թշնամու դեմ, ինչպես նաև ընդհանուր արժեքների և սկզբունքների հիման վրա, որոնց մենք հավատարիմ ենք», Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասել է Օմիրուն:

Նա Կիպրոսի խորհրդարանականների և ժողովրդի անունից երախտագիտություն է հայտնել Հայաստանի վարած սկզբունքային և կայուն քաղաքականության համար՝ «հանուն մեր երկրի և ժողովրդի ազատության ու վերամիավորման»: «Մեզ հայտնի է այն գինը, որ դուք վճարում եք ձեր աջակցության համար, ինչի համար էլ և երախտապարտ ենք ձեզ», - հայտարարել է Օմիրուն:

«Ինչպես տեղյակ եք, արդեն քառասուն տարի է, ինչ Թուրքիան օկուպացված է պահում Կիպրոսի Հանրապետության տարածքի մեծ մասը՝ խախտելով միջազգային իրավունքի նորմերը և սկզբունքները: Կիպրական կողմը հավատարիմ է հասնելու խնդրի արդար լուծմանը՝ եվրոպական իրավունքի, 1977 և 1979 թվականների բարձր ատյաններում ձեռք բերված պայմանավորվածությունների և ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերի համաձայն», - նշել է Յանակիս Օմիրուն՝ շարունակելով․ - «Սակայն մեր բոլոր ջանքերը բախվում են թուրքական անհանդուրժողականությանը և ամբարտավանությանը: Թուրքիան առաջադրում է պայմաններ, որոնք, անկասկած, տանում են այնպիսի լուծման, որի հիմքում ընկած է «երկու պետության» սկզբունքը»:

«Թուրքիան, հավատարիմ լինելով նորօսմանյան գործելաոճին, փորձում է յուրացնել Կիպրոսի Բացարձակ տնտեսական գոտում առկա հարուստ բնական պաշարները և որդեգրել է Կիպրոսի Բացարձակ տնտեսական գոտում ինքնիշխան իրավունքների ոտնահարման քաղաքականությունը: Իրավունքների, որոնք հիմնված են ավանդական իրավունքի վրա և երաշխավորված են 1982 թվականի Ծովային իրավունքի ՄԱԿ-ի կոնվենցիայով: Սակայն Թուրքիայի դրսևորումները հարիր չեն միջազգային իրավունքը հարգող և Եվրամիության անդամ դառնալ ցանկացող պետությանը», - շեշտել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը և մանրամասնել․ - «Այս պահին թուրքական հետազոտող «Բարբարոս» նավը, ռազմական և օժանդակող նավերի ուղեկցությամբ, անօրինական կերպով գտնվում է Կիպրոսի Բացարձակ տնտեսական գոտում և որի նպատակն է, ինչպես ներկայացնում է Թուրքիան, սեյսմիկ տվյալների հավաքագրումը: Միևնույն ժամանակ աշխատանքներ են իրականացվում կազմակերպությունների կողմից, որոնց Կիպրոսի Հանրապետությունը թույլատրել է ուսումնասիրել բնական գազի պաշարների առկայությունը: Թուրքիան չի տատանվում և հայտարարում է, որ մոտակա ժամանակ նաև արդյունահանման հարթակ է տեղադրելու Կիպրոսի Բացարձակ տնտեսական գոտում»:

«Չնայած այն հանգամանքին, որ Թուրքիայի քայլերը միջազգայնորեն դատապարտվում են, և որպես վառ ապացույց՝ վերջերս՝ նոյեմբերի 13-ին, Եվրոպական խորհրդարանը հստակ բանաձև ընդունեց, Թուրքիայի կողմից իրականացվող խախտումները թեժանում են, և ապակայունացվում է ամբողջ տարածաշրջանը: Միևնույն ժամանակ Թուրքիայի պետական և ռազմական գործիչներն անկաշկանդ և ուղղակիորեն սպառնում են ռազմական ուժ կիրառել, եթե Կիպրոսի Հանրապետությունը շարունակի կիրառել իր ինքնիշխան իրավունքները», - նշել է Օմիրուն:

Նման պայմաններում, նրա խոսքերով, Կիպրոսի Հանրապետությունը ստիպված էր կասեցնել Կիպրոսի հիմնախնդրի շուրջ բանակցություններում իր մասնակցությունը և հայտարարել Թուրքիայի դեմ քաղաքական և իրավական քայլերի ձեռնարկման մասին: «Վստահ եմ՝ կհամաձայնեք, որ վախի և բացահայտ սպառնալիքի մթնոլորտում անտրամաբանական է շարունակել բանակցությունները», - ընդգծել է Կիպրոսի խորհրդարանի նախագահը:

«Չնայած Անկարայի առաջացրած բարդություններին՝ Կիպրոսը և Հայաստանը պետք է ակտիվացնեն երկկողմ հարաբերությունները, միավորեն միջազգային կազմակերպություններում իրենց ուժերը և օգտագործեն կիպրական և հայկական սփյուռքի լծակները որոշումներ կայացնող ատյաններում՝ ընդհանուր ճակատ ձևավորելով ընդդեմ Թուրքիայի քաղաքականության: Ներկայացուցիչների պալատի անդամների և իմ անունից այդ ուղղությամբ գործելու լիակատար պատրաստակամություն եմ հայտնում», - հայտարարել է Յանակիս Օմիրուն: