Պաշտոնական Բաքուն հայտարարում է՝ եթե ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի գործելաոճը չփոխվի, ապա իրենք կփորձեն հարցը լուծել սեփական ուժերով: Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումներին՝ խոցված ուղղաթիռի վերաբերյալ Արևմուտքից հնչող դատապարտող հայտարարություններին, նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը:
Նրա պնդմամբ՝ Ղարաբաղում անցկացված զորավարժությունը սադրանք էր Ադրբեջանի նկատմամբ:
«Մենք Արևմուտքից արդարացի դիրքորոշում ենք պահանջում Լեռնային Ղարաբաղի հարցում: Ինչո՞ւ Մինսկի խմբի համանախագահները չեն կարողանում հաջողության հասնել: Որովհետև նրանք նույնպես անտեսում են միջազգային իրավունքը: Նրանք երբեք չեն հիշատակում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված 4 բանաձևերի մասին»,- հավելել է Մամեդովը APA գործակալության հետ զրույցում:
Ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությանն էլ անանուն լրատվական աղբյուրները ասել են, թե «Մի-24 ուղղաթիռի անկման վայրից դիակներն ու ուղղաթիռի մնացորդները դուրս բերելու համար քաղաքական որոշում է պետք՝ Բաքվի հետ պայմանավորվել է պետք»:
Գործակալության զրուցակիցները նշել են՝ հարցը բացի մարդասիրականից ունի նաև ռազմական ասպեկտ, պնդելով, թե ուղղաթիռի բեկորների ուսումնասիրությունը ապացուցել է՝ այն զինված է եղել:
Ադրբեջանը նկատում է, որ հայկական կողմը հարցը փորձում է լուծել Կարմիր Խաչի, ԵԱՀԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների միջոցով: Սակայն այս դեպքում Ադրբեջանի վրա ճնշման փորձերը հազիվ թե օգնեն, գրում է «Թուրան»-ը, կրկին վկայակոչելով զրուցակիցների հայտարարությունները՝ դեսպան Անջեյ Կասպշիկի արձագանքը ցույց տվեց, որ ԵԱՀԿ-ն միակողմանի քայլեր՝ առանց Բաքվի հետ համաձայնեցնելու, չի անի:
Որքան էլ ծանր լինի հայերի համար, այդուհանդերձ, նրանք ստիպված են լինելու խնդրել Բաքվին, եզրափակել են «Թուրան»-ի անանուն ռազմական աղբյուրները: