«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ելույթ ունենալով Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) քաղաքական վեհաժողովի աշնանային նստաշրջանում, որն անցկացվել է նոյեմբերի 17-18-ը Բրյուսելում, ուշադրություն է հրավիրել Հայաստանում ժողովրդավարության իրական վիճակին, ինչպես նաև «Եվրոպայի երկակի հետագծին՝ երկրում օրենքի գերակայության, սահմանադրական իրավունքների, ազատ ու արդար ընտրությունների, իրավակարգ իշխանության ձևավորման աջակցման գործում»:
«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայության հաղորդմամբ, Հովհաննիսյանը միաժամանակ ԵԺԿ-ին կոչ է արել իրագործել սեփական չափանիշները՝ ընդգծելով «ընդդեմ ներքին և արտաքին սպառնալիքների Հայաստանի ինքնիշխանության ապահովման, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազատության ու ինքնորոշման իրավունքի ճանաչման, ինչպես նաև մինչև 2015 թվականի ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության դատապարտման և հատուցման պահանջի հրամայականները»:
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդը նաև առանձին հանդիպում է ունեցել ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլի հետ: