Հայաստանի ԱՕԿ պատվիրակները Բաքվում կմասնակցեն ԵՎՕԿ նստաշրջանին

Ադրբեջան - Օլիմպիական ավանը Բաքվում

Նոյեմբերի 21-22-ը Բաքվում կայանալիք Եվրոպայի օլիմպիական կոմիտեի (ԵՎՕԿ) 43-րդ նստաշրջանին կմասնակցեն նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը և վարչության պետ Վաղինակ Գալստյանը: Այդ մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքէջը:

Ըստ նույն աղբյուրի՝ նստաշրջանի օրակարգում ընդգրկված հարցերից կարևորագույնը եկող տարի Բաքվում կայանալիք Եվրոպայի առաջին օլիմպիական խաղերն են:

Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկեի գլխավորությամբ միջոցառման մասնակիցները կայցելեն օլիմպիական մրցումների համար նախատեսված մարզաբազաներ, կուսումնասիրեն նախապատրաստական աշխատանքների ընթացքը: