Առաջարկվում է գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման և հողի հարկի դիմաց փոխհատուցում տրամադրել սահմանամերձ համայնքներին

Այսօր տեղի ունեցած արտահերթ նիստում Կառավարությունը հավանություն է տվել «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը կարգավորում է 31 սահմանամերձ համայնքներին աջակցություն ցուցաբերելու գործընթացը:

Օրենքի նախագծով առաջարկվում է պետբյուջեի միջոցներից մասամբ փոխհատուցել սահմանամերձ համայնքում մշտական բնակություն ունեցող անձանց սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի և ոռոգման ջրի վարձավճարները:

Նախագծի հաջորդ հոդվածով մասնակի փոխհատուցվում է վերը նշված անձանց սահմանամերձ համայնքի տարածքում ունեցած հողերի հողի հարկի և անշարժ գույքի գույքահարկի ծախսը:

Սահմանամերձ համայնքների այն բնակիչները, ովքեր գազից չեն օգտվում, որոշակի գումարային փոխհատուցում կստանան այլընտրանքային ջեռուցման համար:

Սահմանամերձ համայնքների՝ ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետևանքով օթևանից զրկված բնակիչներին ՀՀ կառավարությունը պետբյուջեի միջոցների հաշվին մեկամսյա ժամկետում ապահովում է համարժեք օթևանով՝ նույն համայնքի տարածքում:

Սահմանամերձ համայնքներում և դրանց հարակից տարածքներում ականի պայթյունից, ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետևանքով վիրավորված ՀՀ քաղաքացիների բուժումն իրականացվում է պետպատվերի շրջանակում, զոհված քաղաքացիների ընտանիքներին ՀՀ պետբյուջեից տրվում է միանվագ օգնություն կառավարության սահմանած կարգով՝ հուղարկավորության և գերեզմանի բարեկարգման, տապանաքարի պատրաստման և տեղադրման ծախսերի համար:

ԱԺ-ի հավանությանն արժանանալու և նախագահի կողմից վավերացվելու պարագայում օրենքն ուժի մեջ կմտնի 2015թ. հունվարի 1-ից և կգործի մինչև 2018թ. հունվարի 1-ը:

Օրենքի նախագիծը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով և կքննարկվի խորհրդարանի առաջիկա արտահերթ նիստում: