Ռազմական հարցերով ռուս փորձագետ Պավել Ֆելգենգաուերը վստահ է, որ եթե Ղարաբաղում նոր պատերազմ բռնկվի, Մոսկվան չի կանգնի որևէ մեկի կողմը:
«Հայաստանն ու Ադրբեջանը վաղուց են պատերազմի շեմին: Աշխարհը, սակայն, համարում էր, որ պատերազմ չի լինի Ղարաբաղում: Այդպես էին մտածում և՛ Արևմուտքում, և՛ Ռուսաստանում, և՛ Թուրքիայում: Ես, օրինակ, մեկ ամիս առաջ մասնակցում էի մի գագաթաժողովի Թուրքիայում, և թուրք փորձագետները վստահաբար ասում էին, որ պատերազմ Ղարաբաղում չի լինի, իսկ եթե օրինակ լինի՝ միայն Ռուսաստանի սցենարով», - «Ազատություն» ռադիոկայանին տված մեկնաբանությունում ասում է Պավել Ֆելգենգաուերը և հավելում, որ իրականում Ռուսաստանին բոլորովին էլ պատերազմ պետք չէ հարավային Կովկասում: Նրա խոսքով, Արևմուտքում և Թուրքիայում հստակ համոզմունք կա, որ Ռուսաստանը կարող է նոր պատերազմ հրահրել Ղարաբաղի շուրջ:
Ֆելգենգաուերի կարծիքով՝ Ղարաբաղով այսօր աշխարհում ոչ ոք չի զբաղվում, իսկ պատերազմը Ղարաբաղի շուրջ անխուսափելի է, իրական բանակցային գործընթաց չկա, փոխարենը կա ռազմատենչ հռետորաբանություն երկու կողմերից էլ, հատկապես Բաքվից, այնտեղ թշնամանք է Հայաստանի և հայերի դեմ: Փորձագետը հավելում է, որ օրինակ Ադրբեջանի իշխանությունները պարգևատրել են այն սպային, որը խոցել է հայկական ուղղաթիռը, այսինքն՝ ադրբեջանական բանակում հասկանում են, որ հային սպանելու համար պարգևատրում են: Այս պայմաններում, իհարկե, պատերազմն անխուսափելի է:
Ռուսաստանցի փորձագետը նկատում է, որ Երևանը և Բաքուն պատերազմից չեն վախենում, երկու կողմերն էլ բավականին ակտիվ պատրաստվում են պատերազմի և հասկանում են, որ հաղթելու շանս ունի այն կողմը, որն առաջինն է սկսում պատերազմը:
Այսօր արևմտյան և ռուսական մամուլը բավականին ակտիվ անդրադարձել է ղարաբաղյան խնդրին, նկատելով, որ Ղարաբաղում կարող են վերսկսվել ակտիվ ռազմական գործողություններ: Ֆելգենգաուերը նկատում է, որ այսօր քաղաքական կարգավորման որևէ հեռանկար չկա և այս պայմաններում, իհարկե, պատերազմը վաղ թե ուշ սկսվելու է: Փորձագետը դժվարանում է կանխատեսումներ անել, թե դա ե՞րբ տեղի կունենա, նկատելով, որ իրավիճակը հայ-ադրբեջանական շփման գոտում կարող է դուրս գալ վերահսկողությունից և այն անկանխատեսելի է:
Փորձագետի համար միանշանակ է միայն, որ այսօր Ռուսաստանին պատերազմ պետք չէ Հարավային Կովկասում, և ռազմական գործողությունների վերսկսման դեպքում Մոսկվան չի կանգնի ոչ մեկի կողմը: Հայաստանը, իհարկե, Ռուսաստանի դաշնակիցն է, սակայն Ղարաբաղը Հայաստան չէ, և Մոսկվան որևէ երաշխիք Ղարաբաղին չի տվել: Բաքվում էլ հասկանում են, որ քանի դեռ իրենք պատերազմելու են Ղարաբաղի, այլ ոչ թե Հայաստանի դեմ, Մոսկվայից ռազմական միջամտության վտանգ չի լինի:
Հասկանալի է, որ Մոսկվան լուրջ լարվածության դեպքում կփորձի միջամտել, կողմերին կոչ կանի նստել բանակցային սեղանի շուրջ, բայց ոչ ավելին:
Ֆելգբենգաուերի կարծիքով, հայ-ադրբեջանական հնարավոր պատերազմին չի միջամտի նաև Թուրքիան: