«Վերջ դնել կենդանիների սպանդին», այսօր այս պահանջով կենդանասերները Երևանի քաղաքապետարանից երթով շարժվեցին դեպի Կառավարության, Ազգային ժողովի շենքեր և նախագահական նստավայր՝ պետական մարմիններին ներկայացնելով իրենց պահանջներն ամփոփող նամակը:
«Մենք պահանջում ենք, որպեսզի բյուջեի գումարները ծախսվեն հետևողականորեն և ճիշտ, լուծարվի «Յունիգրաֆ իքս» ընկերությունը, որը մենաշնորհ ունի այս հարցում, և, ի վերջո, հայտարարվի նոր տենդեր», - հայտարարեցին կենդանասերները։
Նրանք նաև պահանջեցին թափառող շների քանակը վերահսկել քաղաքակիրթ եղանակով՝ ստերջացնելով, այլ ոչ թե սպանելով կենդանիներին։
«Կենդանի շանը վառել, որպեսզի գումար չծախսել հատուկ դեղերին և այլն. դրան դեմ ենք և պայքարելու ենք մինչև վերջ», - «Ազատության» հետ զրույցում ասաց երթի մասնակիցներից մեկը։
«Դինգո» թիմի ներկայացուցիչ Ալինա Ենգոյանի խոսքով՝ թափառող կենդանիների սպանդը չի հանգեցնում նրանց քանակի կրճատմանը, - «Ցանկացած կենդանատեսակի դեմ պայքարը հնարավոր է իրականացնել միայն ստերջացման միջոցով, այսինքն՝ նման պայմաններում ոչ միայն մենք չենք ունենում արդյունք, այլև գնում է դեպի ագրեսիվացում»։
Ալինա Ենգոյանն ասաց, որ տարիներ շարունակ թափառող կենդանիների վնասազերծման մրցույթը շահում է միայն մեկ կազմակերպություն՝ «Յունիգրաֆ իքս»-ը, որը թեև պետական բյուջեից ամեն տարի մոտ 200 միլիոն դրամ է ստանում, սակայն թափառող կենդանիների քանակը մայրաքաղաքում չի փոխվում:
«Այս կազմակերպությունը յուրաքանչյուր տարի ներկայացնում է նույն տվյալները, իսկ հատկացվող գումարները գնալով շատանում են։ Սա ուղղակի պետք է հարկատուները գիտակցեն, որ դա իրենց գրպանից մի ահռելի կլորիկ գումար ամեն տարի գնում է մի խնդրի լուծմանը, որը բացարձակ չի լուծվում», - ասաց Ենգոյանը։
Ժամեր առաջ «Յունիգրաֆ իքս» ընկերությունը պաշտոնական հայտարարություն տարածեց՝ նշելով, որ 8 տարի բարեխղճորեն աշխատելով հանուն երևանցիների անվտանգության և բարեկեցության համար, այլևս նպատակահարմար չի համարում մասնակցել թափառող կենդանիների վնասազերծման 2015 թվականի մրցույթին։ Մրցույթը հայտարարվել է այսօր, իսկ արդյունքները կամփոփվեն 40 օրից։
«Մեր գործունեության, հսկայական ներդրումների, պրոֆեսիոնալ մասնագետների աշխատանքի արդյունքում մայրաքաղաքում էապես նվազել է թափառող կենդանիների քանակը։ Երևանում թափառող կենդանիների թվի առումով երբևէ չի եղել նման բարենպաստ, վերահսկելի իրավիճակ», - ասվում է ընկերության հայտարարությունում. - «Թափառող կենդանիների ոլորտում աշխատանքների տեմպերի նույնիսկ մի քանի օրվա դանդաղեցումը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ մայրաքաղաքի համար»։
«Յունիգրաֆ իքս»-ի լրատվության պատասխանատու Լիլիթ Գրիգորյանը «Ազատության» հետ զրույցում հավելեց, որ ընկերությունը լավ է աշխատել և աշխատանքի արդյունքներն «ակնառու են»։
«Երբևէ Երևան քաղաքում չի եղել նման լավ պայմաններ հանրության համար՝ թափառող կենդանիների առումով։ Երբևէ չի եղել այդպիսի կայուն վիճակ։ «Յունիգրաֆ իքս»-ն աշխատել է շատ լավ և իր աշխատանքի արդյունքներն ակնառու են։ Իսկ այն, ինչ-որ տարիների ընթացքում՝ այն թուք ու մուրը մեր հասցեին, որ ուղղել են կենդանասերներ կոչվածները, դրանք ընդամենը ստահոդ լուրեր են, որոնց նպատակները առաջիկայում կերևան», - ասաց Գրիգորյանը։
«Դինգո» թիմի անդամ Ալինա Ենգոյանի խոսքով՝ իրենց համար «Յունիգրաֆ իքս»-ի նման որոշումը սպասելի էր. - «Կարծում եմ՝ սա վարկաբեկված լինելու պատճառն է, այսինքն՝ այս պարագայում, ինձ թվում է, ուրիշ տարբերակ չէր մնում, բայց այստեղ կարևոր է որպեսզի պայմանները փոխվեն, ծրագիրը պետք է փոխվի, նախևառաջ։ Ստերջացման վրա շեշտը պետք է դրվի, անկախ նրանից՝ դա որ կազմակերպությունը կլինի»։