ԵՏՄ պայմանագրի լսումների մեկնարկը նշանավորվեց բողոքի ակցիայով

Սահմանադրական դատարանն առավոտից գրավոր ընթացակարգով, փակ դռների հետևում քննում է՝ արդյոք Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են երկրի Սահմանադրությանը:

Դատարանի առջև տասնյակ քաղաքացիներ բողոքի ցույց են անցկացնում՝ պահանջելով հակասահմանադրական ճանաչել փաստաթուղթը: Ակցիան մեկնարկեց միջադեպով, իրավապահները ուժի գործադրմամբ՝ հրելով, որոշ դեպքերում գետնին քարշ տալով ակտիվիստներին հեռացրեցին տարածքից՝ ոստիկանական պատով շրջափակելով Սահմանադրական դատարանի շենքը:

Կասկած չունենալով, որ Գագիկ Հարությունյանի գլխավորած դատարանը հաստատելու է պայմանգիրը՝ ուղարկելով այն խորհրդարանի վավերացմանը, ցուցարարները պահանջում էին բանավոր ընթացակարգով քննել հարցը: Ինչպես «Ազատության» հետ զրույցում համոզմունք հայտնեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, դատարանը միտումնավոր է գաղտնի քննում մեծ հնչեղություն ունեցող այս հարցը:

«Հանրությունը իրավունք ունի ոչ միայն տեղյակ լինելու, այլ մանրամասն բոլոր նրբերանգներին ծանոթանալու: Սրանից արդեն կարելի է եզրակացնել, որ լավ բան սպասել չի կարելի: Ռազմավարական կողմնորոշման հարցը մտցնել այսպիսի քողարկյալ մթնոլորտ բնորոշ է հանցագործներին: Չի կարող լինել գաղտնի արդարադատություն», - ասում է նա:

Մինչդեռ պայմանագրի հակասությունները Սահմանադրության հետ, ըստ այսօրվա ցույցի մասնակիցների, ակնհայտ են: Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը մատնացույց է անում Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը ամրագրող հիմնարար հոդվածները:

«Կարող է Հայաստանը դեմ լինել իր տարածքում որևէ ընդունվող որոշման կիրառությանը, բայց քանի որ որոշումները ընդունվում են մեծամասնությամբ և քանի որ Ղազախստանը, Բելառուսը կարող են կողմ լինել դրանց, հետևաբար անկախ նրանից՝ Հայաստանի կառավարությունը դեմ է քվեարկել այնտեղ, թե Ազգային ժողովը այստեղ ինչպիսի վերաբերմունք կունենա, ընդամենը լինելու է դակողի կարգավիճակում: Սա ուղղակի նոնսենս է և Սահմանադրական դատարանը մեծագույն հանցագործությունը կատարած կլինի, եթե այն ճանաչի Սահմանադրությանը համապատասխանող», - նշեց նա: