Մոսկվան Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում խուսափել քայլերից, որոնք կարող են սրել լարվածությունը:
Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը հինգշաբթի օրը հայտարարել է․ - «Մենք ծայրահեղ անհանգստացած ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տեղի ունեցած միջադեպով, որը հանգեցրել է մարդկային զոհերի: Խորը ցավակցություն ենք հայտնում զոհվածների ընտանիքների անդամներին»:
Լուկաշևիչը նշել է, որ ռուսական կողմի դիրքորոշումը արտահայտված է նոյեմբերի 12-ին ԵԱՀԿ-ի Մինսկ խմբի համանախագահների հայտարարությունում:
Նա ասել է, թե հետևողականորեն կոչ են անում հակամարտ կողմերին խուսափել տարածաշրջանում իրավիճակի սրման քայլերից:
«Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներին հիշեցնում ենք նրանց պատասխանատվության մասին, մասնավորապես՝ հակամարտության խաղաղ կարգավորումը գտնելու վերաբերյալ ստանձնած պարտավորությունները, որ նրանք հանձն են առել Սոչիում, Նյուփորթում և Փարիզում կայացած հանդիպումներում», - հայտարարել է Լուկաշևիչը:
«Ռուսաստանը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ միասին կշարունակի նպատակաուղղված ջանքերը՝ կողմերին աջակցություն ցուցաբերելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար», - ասել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը:
Իսկ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն ռուսական «Կոմերսանտ FM» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը պաշտպանել է և կպաշտպանի իր տարածքային ամբողջականությունը բոլոր հնարավոր միջոցներով, այդ թվում՝ ռազմական:
Անդրադառնալով հայկական կողմից հնչող պատասխան քայլերի սպառնալիքներին՝ դեսպանն ասել է․ - «Մենք հայկական կողմի որևէ սպառնալիքից չենք վախենում: Հայաստանը թող իր վիճակի մասին մտածի: Կարծում եմ, իր վիճակով Հայաստանը այսօր դժվար թե որևէ մեկին սպառնա: Մենք կշարունակենք մեր տարածքը մաքրելու քաղաքականությունը»:
Երեկ երեկոյան Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, թե նոյեմբերի 12-ին խփված ուղղաթիռը պատկանում է ոչ թե Ղարաբաղի բանակին, այլ Հայաստանի Զինված ուժերին և հաշվառված է «Էրեբունի» ռազմական օդակայանում, իսկ անձնակազմի անդամները Հայաստանի Զինված ուժերի զինծառայողներ են:
«Ինտերֆաքս-Ազերբեյջան» գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը զգուշացրել է, թե առաջիկայում ևս օդային ցանկացած սահմանախախտ կոչնչացվի: