«ՆԱՏՕ-ի փոխգործունակության հարթակ» խորագրով նոր նախաձեռնության շուրջ այսօր Հայաստանի պաշտպանության նախարարությունում անցկացվել է կլոր սեղան-քննարկում։
Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ միջոցառումն անցկացվել է «Հայաստանում ՆԱՏՕ-ի շաբաթ» ամենամյա միջոցառման շրջանակներում, կազմակերպիչներն են Հայաստանի պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունները:
Քննարկվել են միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման գործընթացում Հայաստանի ներգրավվածությունը և պաշտպանական բարեփոխումների ուղղությամբ «Փոխգործունակության հարթակի» ընձեռած հնարավորությունները։
Քննարկմանը ելույթ են ունեցել Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպանները, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների ռազմական կցորդները, պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների բարձրաստիճան ներկայացուցիչները: