Ղարաբաղա - ադրբեջանական սահմանին արձանագրված արտակարգ միջադեպից ժամեր անց Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել` խստորեն դատապարտելով ուսումնավարժական թռիչք իրականացնող Մի-24 ուղղաթիռի խոցումը ադրբեջանական զինված ուժերի կողմից:
«Հիմնախնդրի կարգավորմանն ուղղված յուրաքանչյուր բարձր մակարդակի հանդիպումից առաջ և հետո Բաքուն նորանոր սադրանքների է գնում` խափանելու համար բանակցային գործընթացը, Հայաստանի և միջազգային հանրության ջանքերն՝ ուղղված հակամարտության բացառապես խաղաղ հանգուցալուծմանը», - պնդում է պաշտոնական Երևանը` հավելելով, - «Ադրբեջանական կողմը կոպտորեն ոտնահարում է վերջին գագաթաժողովներին հիմնախնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները»։
Կատարվածը որակելով «հանցավոր սադրանք»՝ Հայաստանի ԱԳՆ-ն ընդգծում է․ - «Բաքուն ոչ միայն արհամարհում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, միջազգային հանրության կոչերը ուժի չկիրառման, հրադադարի ամրապնդման, վստահության միջոցների իրականացման մասին, այլև գործում է հակառակ դրանց՝ կրելով իրավիճակի սրման ողջ պատասխանատվությունը»:
Ուղղաթիռը կործանած զինծառայողին շքանշանով պարգևատրած պաշտոնական Բաքուն, մինչդեռ, տեղի ունեցածում մեղադրել է Երևանին: Ադրբեջանի արտգործնախարարությունը պնդում է, թե Հայաստանի ուղղաթիռները ներխուժել են Ադրբեջանի օդային տարածք:
«Հայաստանի ուղղաթիռների ապօրինի ներխուժումը Ադրբեջանի օդային տարածք հանդիսանում է Ադբրեջանի նկատմամբ օկուպացիայի և ագրեսիայի շարունակությունը, ինչպես նաև Ադրբեջանական Հանրապետության տարածքային ամբողջականության և անկախության դեմ ուժի գործադրման քաղաքականության շարունակությունը», - ադրբեջանական Trend.az կայքի փոխանցմամբ` հայտարարել է պաշտոնական Բաքուն:
Ադրբեջանը նաև հայտարարել է, թե ոչ թռիչքային գոտի է հայտարարել «օկուպացված տարածքների օդային տարածությունը և ըստ սահմանված կարգի այդ մասին տեղյակ է պահել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության անդամներին»:
Հիշեցնենք, երեկ ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է ադրբեջանական կողմի պնդումներն այն մասին, որ «հայկական ուղղաթիռները գրոհ են իրականացրել իրենց դիրքերի ուղղությամբ և իրենք պատասխանել են»:
Միջադեպի կապակցությամբ խորը մտահոգություն են հայտնել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները:
«Մենք կոչ ենք անում կողմերին զերծ մնալ քայլերից, որոնք կարող են սրել լարվածությունը շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին: Ամռանը տեղի ունեցած բռնությունների ալիքի կրկնությունը անթույլատրելի է», - հայտարարել են ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի, ռուսաստանցի և ֆրանսիացի համանախագահները նոյեմբերի 12-ին ուշ երեկոյան հրապարակած համատեղ հայտարարությունում:
«Այսօրվա իրադարձությունները հերթական հիշեցումն են այն բանի, թե որքան անկանխատեսելի է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, և շեշտադրում են հակամարտության երկարատև կարգավորումը գտնելու ուղղությամբ ջանքերն ակտիվացնելու անհետաձգելիությունը», - հայտարարել են համանախագահները:
Միջնորդները զերծ են մնացել տեղի ունեցածի կապակցությամբ կողմերից որևէ մեկին մեղադրելուց, փոխարենը` կոչ անելով Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին հարգել ղարաբաղյան հակամարտության խաղաղ հանգուցալուծման հասնելու վերաբերյալ իրենց ստանձնած պարտավորությունները:
«Մենք նաև կոչ ենք անում նախագահներին ձեռնարկել վստահության ամրապնդման այնպիսի միջոցառումներ, որոնք կբարձրացնեն թափանցիկությունը շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանագծին, և կնվազեցնեն այսօրվա միջադեպի նման իրադրությունների կրկնության հավանականությունը», - ասված է հայտարարությունում:
Պաշտոնական Վաշինգտոնը մտահոգություն է արտահայտել Ադրբեջանի զինուժի կողմից Լեռնային Ղարաբաղի ռազմաօդային ուժերի ուղղաթիռի խոցման կապակցությամբ:
Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի խոսնակ Ջեն Փսաքին հայտարարել է, որ այս միջադեպը «ևս մեկ հիշեցում է» տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու և հրադադարը հարգելու անհրաժեշտության մասին:
Փսաքին երեկ Վաշինգտոնում լրագրողներին ասել է, որ «հակամարտությանը ռազմական լուծում չի կարող լինել»:
Միջադեպին անդրադարձել է նաև պաշտոնական Բրյուսելը՝ կոչ անելով հետաքննել ուղղաթիռի կործանումը: «Կարևոր է, որ կողմերը զսպվածություն ցուցաբերեն և զերծ մնան գործողություններից ու հայտարարություններից, որոնք կարող են սրել իրավիճակը: Ավելին, կոչ ենք անում հետաքննություն անցկացնել միջադեպի շուրջ», - ասված է Եվրամիության հայտարարությունում:
Հայտարարությամբ Եվրամիությունը վերահաստատել է լիակատար աջակցությունը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբին ու երեք համանախագահներին:
«Հակամարտության երկու կողմերն էլ պետք է խստորեն հարգեն հրադադարի ռեժիմը, զերծ մնան ուժի գործադրումից կամ դրա սպառնալիքից և վերականգնեն ջանքերը` ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ», - ընդգծում է պաշտոնական Բրյուսելը:
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, իր հերթին, մտահոգություն է հայտնում միջադեպին միջազգային հանրության արձագանքի կապակցությամբ, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց հանձնախմբի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը՝ նշելով, որ Ադրբեջանի քայլերը նոր թափ են հավաքել, ինչը պետք է համարժեք արձագանքի արժանանա:
«Եվ ուրեմն, Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը կոչ է արել, որպեսզի ամերիկահայերը հեռաձայնեն, գրեն կոնգրեսականներին Ադրբեջանի այս քայլի վերաբերյալ: Կարևորը՝ սա աննախադեպ հարձակում էր, որ Ադրբեջանը արել է, և այսպես լռելյայն կամ հավասարակշռված խոսքերով՝ միջազգային կառավարությունների կողմից, բավարար չէ՝ կասեցնելու Ադրբեջանի ռազմատենչ աշխատանքները», - շեշտեց Չուլջյանը:
Ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆը, ի դեպ, անմիջապես արձագանքել է ամերիկահայության կոչերին՝ հայտարարելով․ - «Անզեն ուղղաթիռի խոցումը ԼՂՀ տարածքի վրա ցույց է տալիս Ադրբեջանի քամահրանքը մարդկային կյանքի նկատմամբ, և իր ներքին խնդիրներից ուշադրությունը շեղելու նպատակով բռնության սադրիչ գործողություններում ներգրավվելու նրա ցանկությունը»: