Իսրայելա - պաղեստինյան հակամարտությունը սաստկանում է

Փորձագետը մտավախություն ունի, որ իսրայելա - պաղեստինյան բախումները քաղաքական հակամարտությունից կվերածվեն կրոնականի։

Իսրայելում և պաղեստինյան տարածքներում լարվածությունը գնալով խորանում է մի շարք նոր հարձակումների հետևանքով, որոնց զոհ են գնացել մի քանի իսրայելցիներ և պաղեստինցիներ։

Բռնությունները սկսվել էին Երուսաղեմի սրբավայրերի շուրջ թեժացող բանավեճերի հետևանքով, սակայն դրանք վերագրվում են նաև իսրայելյան շինարարությանը և իսրայելա - պաղեստինյան բանակցային գործընթացի ձախողմանը։

Իսրայելի լրացուցիչ անվտանգության ուժեր են տեղակայվել պաղեստինցի ցուցարարների հետ տեղի ունեցած կատաղի բախումներից հետո, որոնց հետևանքով սպանվել են իսրայելցի մեկ զինվոր և մեկ քաղաքացի։

Ավելի վաղ պաղեստինցիները մեքենաներով հարձակվել էին հանրային տրանսպորտի կանգառներում սպասող մարդկանց վրա՝ սպանելով երկու հոգու և վիրավորելով բազմաթիվ ուրիշների։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն խոստացել է խիստ միջոցների դիմել։

«Մենք կպայքարենք պաղեստինյան իշխանության սադրիչ քայլերի դեմ, որոնց մասնակցում են ծայրահեղական իսլամիստները։ Մենք կպայքարենք Իսրայելի ոչնչացման կոչեր անող ապստամբների դեմ», - ասել է Նաթանյահուն։

Պաղեստինցիները հայտարարել են, որ աջակողմյան իսրայելցի այցելուների մուտքը Ալ-Աքսա մզկիթ թույլատրելու Իսրայելի կառավարության գործելակերպը բորբոքել է պաղեստինցիների զայրույթը։

Միջազգային խաղաղության և համագործակցության ինստիտուտից Ռամի Նասրալահի փոխանցմամբ՝ պաղեստինցիների զայրույթը ուղղված է արևելյան Երուսաղեմի արաբ բնակչության կարիքներն անտեսելու Իսրայելի կառավարության գործելակերպի դեմ։

«Երուսաղեմում ճգնաժամ է ստեղծվել, որը հիմնականում առնչվում է պաղեստինցիների կրթությանն ու սոցիալ-տնտեսական իրականությանը։ Նրանք հուսահատ վիճակում են, և ոչ ոք այս մասին չի խոսում», - ասել է Ռամի Նասրալահը։

Ոմանք էլ այս հարձակումները բնութագրում են որպես երրորդ «ինթիֆադայի» սկիզբը։ Համալսարանի հանգստյան կոչված դասախոս Մաթի Ստայնբերգի խոսքով, առաջին երկու «ինթիֆադաները» քաղաքական լուծման հույս էին ներշնչել, մինչդեռ այս անգամ կացությունը միանգամայն անհույս է։

Ռամի Նասրալահի խոսքով, Արևելյան Երուսաղեմում շատերը, հատկապես երիտասարդ արաբները, կարծում են, որ կորցնելու ոչինչ չունեն։

«Երուսաղեմում պաղեստինցիները մտահոգված են իրենց ապագայի մասին։ Նրանք բոյկոտում են իսրայելյան ապրանքներն ու հաստատությունները։ Գնալով աճում է խտրականությունը և բաժանվածությունը», - ասում է Ռամի Նասրալահը։

Նա նշում է, որ Երուսաղեմի սրբավայրերին առնչվող ցանկացած բանավեճ զայրացնում է մահմեդականներին ամբողջ աշխարհում։ Ռամալահին անհանգստացնում է այն միտքը, որ իսրայելա - պաղեստինյան բախումները ի վերջո քաղաքական հակամարտությունից կվերածվեն կրոնական հակամարտության։