ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները խորը մտահոգություն են հայտնել ադրբեջանական ուժերի կողմից հայկական ուղղաթիռի կործանման կապակցությամբ:
«Մենք կոչ ենք անում կողմերին զերծ մնալ քայլերից, որոնք կարող են սրել լարվածությունը շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին: Ամռանը տեղի ունեցած բռնությունների ալիքի կրկնությունը անթույլատրելի է», - հայտարարել են ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի, ռուսաստանցի և ֆրանսիացի համանախագահները` նոյեմբերի 12-ին ուշ երեկոյան հրապարակած համատեղ հայտարարությունում:
«Այսօրվա իրադարձությունները հերթական հիշեցումն են այն բանի, թե որքան անկանխատեսելի է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, և շեշտադրում են հակամարտության երկարատև կարգավորումը գտնելու ուղղությամբ ջանքերն ակտիվացնելու անհետաձգելիությունը», - հայտարարել են համանախագահները:
Միջնորդները զերծ են մնացել տեղի ունեցածի կապակցությամբ կողմերից որևէ մեկին մեղադրելուց, փոխարենը` կոչ անելով Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին հարգել ղարաբաղյան հակամարտության խաղաղ հանգուցալուծման հասնելու վերաբերյալ իրենց ստանձնած պարտավորությունները:
«Մենք նաև կոչ ենք անում նախագահներին ձեռնարկել վստահության ամրապնդման այնպիսի միջոցառումներ, որոնք կբարձրացնեն թափանցիկությունը շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանագծին, և կնվազեցնեն այսօրվա միջադեպի նման իրադրությունների կրկնության հավանականությունը», - նաև ասված է հայտարարությունում: