ՊՆ խոսնակ. Երևանում Ռուսաստանի զինված ուժերի մասնակցությամբ զորահանդես չի անցկացվի

Your browser doesn’t support HTML5

Հայաստանի ՊՆ խոսնակի փոխանցմամբ՝ մայիսի 9-ին փոքր զորահանդես կանցկացվի Գյումրիում, Երևանում մեծ զորահանդես անելու մասին պայմանավորվածություն չկա։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է ռուսական կողմի երեկ տարածած հայտարարությունը, թե Երևանում Ռուսաստանի զինված ուժերի մասնակցությամբ զորահանդես է անցկացվելու։ Այս մասին այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Երեկ ուշ երեկոյան նախարար Սեյրան Օհանյանի մոսկովյան այցից հետո Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ հաջորդ տարի Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակի առթիվ Երևանում ռազմական շքերթ կանցկացվի, որին կմասնակցեն նաև Ռուսաստանի զինված ուժերը։

Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ տեղյակ չէ, թե ինչո՞ւ է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նման տեղեկատվություն հրապարակել։ Ըստ նրա՝ մայիսի 9-ին փոքր զորահանդես կանցկացվի Գյումրիում, Երևանում մեծ զորահանդես անելու մասին պայմանավորվածություն չկա։

«Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը տարածված հաղորդագրությունը ռուսական կողմի ճնշման հետևանք է համարում, որին Հայաստանը կարող է դիմակայել:

«Ռուսները փորձել են իրենց ցանկությունը իրականի տեղ հրամցնել հասարակությանը, ինչ-որ տեղ դա նաև անուղղակի ճնշման ձև էր Հայաստանի վրա․․․Սա Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն է, որտեղով պետք է անցնեն միայն և բացառապես հայկական զորքերը: Հակառակ դեպքում պետք է արձանագրենք, որ ուրիշ պետության զորքեր անցնում են մի երկրով, որը օկուպացված է լինում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մեհրաբյանը:

Եթե այս շքերթը կայանա, ապա այն ռուսական զորքերի մասնակցությամբ առաջին միջոցառումը չի լինի։ Այս տարիմայիսի 9-ին հայրենական պատերազմում տարած հաղթանակի առթիվ Գյումրիում ռուսական ռազմաբազան շքերթ անցկացրեց, 2011-ին էլ ռուսական զորքերը մասնակցել էին Հայաստանի անկախության օրը Հանրապետության հրապարակում անցկացված շքերթին։

Անկախության օրվա առթիվ կազմակերպված շքերթին ռուսական զորքերի մասնակցությունը բողոքի ցույցի պատճառ դարձավ:

Լրագրողների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը բողոքի ակցիայի մասնակիցներից մեկն էր: Նրանց բերման էին ենթարկել, հետագայում դատարանը Ոստիկանության գործողությունները սխալ էր որակել։ Բարսեղյանի խոսքով այս շքերթներով Ռուսաստանը փորձում է ցույց տալ իր ազդեցությունը Հայաստանում։

«Քանի որ Հայաստանը ցանկություն է հայտնել մտնելու մաքսային գետտո, ուրեմն շքերթ էլ կանենք, պետք լինի, շպագատ էլ կիջնենք, Ռուսաստանը փորձում է փրկել կայսրությունը, կամ՝ ինչ մնացել է կայսրությունից, և որևէ քարոզչական, պրոպագանդիստական մեթոդի առաջ չի կանգնում», - ասաց Բարսեղյանը:

Չնայած Հայաստանի պաշտպանության նախարարության հերքմանը, Ռուսաստանի ռազմական գերատեսչության պաշտոնական կայքէջում շարունակում է մնալ տեղեկատվություն այն մասին, որ հաջորդ տարի Երևանում ռուսական զորքերը ռազմական շքերթ են անցկացնելու։