Ուկրաինա ռուսական զորքերի մուտքի մասին տեղեկատվություն տարածած լրագրողը ձերբակալվել է

Դոնեցկ, 12-ը նոյեմբերի, 2014թ.

Արևմուտքն անհանգստացած է ուկրաինական զարգացումներով:

Խաբարովսկում այսօր ձերբակալվել է «Ամուրբուրգ» ինտերնետային անկախ պարբերականի գլխավոր խմբագիր Օլեգ Պոտապենկոն:

Նա «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությանը հայտնել է, որ հատուկ ծառայությունների ներկայացուցիչներն իր մոտ փնտրել են պետական գաղտնիք պարունակող նյութեր: Պոտապենկոյի, ինչպես նաև իր հետ Հոնկոնգ ուղևորվելու ճանապարհին ձերբակալված ընկերոջ հեռախոսները, համակարգիչները և պլանշետներն առգրավվել են փորձաքննության ներկայացնելու նպատակով:

Պոտապենկոյին ձերբակալել և հարցաքննել էին նաև ավելի վաղ՝ հուլիսին, երբ նա վերադառնում էր Թբիլիսիում տեղի ունեցած ոչ կառավարական կազմակերպությունների հավաքից:

Պոտապենկոյի ղեկավարած «Ամուրբուրգ» ինտերնետային կայքը հրապարակել էր տեղեկատվություն Ուկրաինայում ռուսական զորքերի տվյալների մասին: Նրա ձերբակալության պահին էլ շարունակվում էին մարտերը Ուկրաինայի արևելքում: Դոնեցկում, «Ասոշիեյթեդ Փրես»-ի թղթակցի փոխանցմամբ, հրետակոծությունները տեղի են ունեցել միջազգային օդանավակայանի հարևանությամբ:

«Ուկրաինական զինված ուժերը պատրաստ են դիմակայել ռուսամետ անջատականների նոր՝ հնարավոր հարձակումներին»,- հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ստեփան Պոլտորակը:

Ռուսաստանը, սակայն, շարունակում է հերքել պատերազմական իրավիճակներ հրահրելու վերաբերյալ մեղադրանքները:

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերն այսօր Բրյուսելում լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է ուկրաինայում տիրող իրավիճակին.- «Մենք անհանգստանալու շատ պատճառներ ունենք։ Նախ և առաջ, մենք պետք է նպաստենք իրավիճակի հանդարտեցմանը, մենք մտահոգված ենք, քանի որ տեսնում ենք փաստը, որ իրավիճակը գնալով շիկանում է: Մենք տեսնում ենք, որ տարածաշրջանում ավելանում է զրահատեխնիկան»։

Այսօր Սոֆյայում ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատար Ֆիլիպ Բրիդլովը հայտարարել է՝ վերջին երկու օրերին Ուկրաինայի արևելք են մտել ռուսական տանկեր, օդուժ, զորքեր: «Լավ պատկեր չունենք այս պահին։ Այնտեղ մենք տեսել ենք հոծ շարասյուներ»,- ասել է նա։

Վերջին ամիսներին Ուկրաինայի արևելքում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով կա ավելի քան 4000 զոհ։