Վարչապետն ընդունել է Մարիո Մացցոլային

Հովիկ Աբրահամյան և Մարիո Մացցոլա

Հայաստանի կառավարությունը պատրաստ է ընդլայնել Cisco Systems-ի հետ համագործակցությունը և աջակցել յուրաքանչյուր նախաձեռնության, հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ այսօր ընդունելով ընկերության զարգացման գծով նախագահ, Տեղեկատվական Տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի նախագահի մրցանակի 2014 թվականի դափնեկիր Մարիո Մացցոլային:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, հանդիպման ընթացքում վարչապետն ընդգծել է, որ տեղեկատվական և թվային տեխնոլոգիաների զարգացումը Կառավարության ծրագրի գերակայություններից է։

«Հայաստանի արդյունաբերության ամենաարագ զարգացող այս ճյուղն ամեն տարի արձանագրում է շուրջ 20-25 տոկոս աճ, և առկա է այն հզորացնելու մեծ ներուժ», - ասել է Աբրահամյանը։

Մարիո Մացցոլան, իր հերթին, նշել է, որ ընկերությունը շահագրգռված է համատեղ նոր ներդրումային ծրագրեր իրականացնել Հայաստանում՝ նպաստելով ոլորտի հետագա առաջընթացին և համագործակցության խորացմանը:

Մարիո Մացցոլան Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի արտաքին կապերի և լրատվության բաժնի փոխանցմամբ, Մարիո Մացցոլան և նրա գլխավորած պատվիրակությունն այսօր նաև այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղիկներ դրել Անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Մեծ եղեռնի զոհերի հիշատակը: Մարիո Մացցոլան Հիշողության պուրակում արծաթափայլ եղևնի է տնկել։